ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում սկսել են ավելի շատ ամուսնանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սկսել են ավելի շատ ամուսնանալ: Համենայնդեպս, այդ մասին են խոսում պաշտոնական տվյալները: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ամուսնությունների թիվը նախորդ տարում 2020 թվականի համեմատ ավելացել է: Օրինակ, եթե 2020 թվականին Հայաստանում գրանցվել է 12 հազար 179 ամուսնություն, ապա նախորդ տարում այն կազմել է 17 հազար 165: Այսինքն, պաշտոնապես ամուսնությունների թիվը 4986-ով ավելացել է:

Մյուս կողմից, Հայաստանում պաշտոնապես ամուսնալուծություններն ավելացել են. եթե 2019 թվականին ամուսնալուծությունների թիվը կազմել է 3880, 2020 թվականին՝ 3155, ապա անցյալ տարում մեր հանրապետությունում գրանցվել է 4434 ամուսնալուծություն:
Նշենք, որ առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե ինչ պատճառով են ամուսնալուծվում: Շատ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքն այլեւս հետ չի պահում ամուսնալուծությունից: Բայց հայ երիտասարդներին ընտանիք կազմելու հարցում առաջին հերթին խանգարում են աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները:
Ամենաշատ ամուսնությունները Հայաստանում գրանցվել է Երեւանում, որտեղ ամուսնացող քաղաքացիների թիվը կազմել է 7184, մայրաքաղաքում ամուսնալուծվել են 2471-ը: Օրինակ Արմավիրի մարզում 1432 քաղաքացի ամուսնացել են, իսկ 266-ը՝ ամուսնալուծվել, Կոտայքում 1408-ը ամուսնացել են, 358-ը՝ ամուսնալուծվել: Սահմանամերձ Տավուշում ամուսնացել է 615 քաղաքացի, իսկ ամուսնալուծվել՝ 119-ը, Լոռիում ամուսնացել է 1202, իսկ ամուսնալուծվել՝ 293:

Ըստ մասնագետների՝ զույգերի համատեղ կյանքի ընդհատման համար ամենախոցելի շրջաններից մեկը ամուսնության առաջին 3 տարիներն են: Բաժանությունները հատկապես շատ են 20 եւ ավելի տարվա տեւողությամբ ամուսնությունների դեպքում:

Ս.Հ.




Լրահոս