Նոր Սահմանադրության նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև ընտանիքի և ամուսնության վերաբերյալ սահմանադրական կարգավորումներում։
Գործող Սահմանադրության 35-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս կինն ու տղամարդն ունեն հավասար իրավունքներ։
Մինչդեռ նոր նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում պահպանվել է միայն ամուսնանալու ազատության վերաբերյալ դրույթը։ Իսկ ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս կնոջ և տղամարդու հավասար իրավունքների մասին հստակ ձևակերպումն այլևս չկա։
Ստացվում է, որ նոր նախագծում գործող Սահմանադրության մի շարք հստակ և կոնկրետ դրույթներ փոխարինվել են ավելի համառոտ ու ընդհանրական ձևակերպումներով։ Դրանց գործնական կիրառման և մանրամասն կարգավորման հարցերը, ըստ էության, թողնվում են ընթացիկ օրենսդրությանը։
Սակայն այստեղ հարց է առաջանում՝ արդյոք նման կարևոր երաշխիքները չպետք է ամրագրված լինեն հենց Սահմանադրության մակարդակում։ Չէ որ ի տարբերություն Սահմանադրության, օրենքներն ավելի հեշտությամբ են փոփոխվում։
Իսկ թե ինչ երաշխիքներ կգործեն կնոջ և տղամարդու հավասար իրավունքների պաշտպանության համար ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում, նոր նախագծի ընդունման պարագայում դեռևս հստակ չէ։
Վիկտորյա Բուդաղյան




























