ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) մշտապես մեծ կարեւորություն է տվել մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը: Այդ մասին հայտնել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին տեղական եւ միջազգային զեկույցներին ու ահազանգերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ կառույցների հնարավոր անելիքներին այդ խնդրի առնչությամբ: «ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը պատմական եւ մշակութային բոլոր հուշարձանների պաշտպանությունը համարում է մեր համատեղ պարտավորությունը»,-հաղորդել են ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակից՝ հիշեցնելով, որ դեռեւս 1991թ. հունիսին մշակութային ժառանգությանը նվիրված Կրակովի միջազգային գիտաժողովին (սիմպոզիումին) այն ժամանակ ԵԱՀԽ մասնակից պետությունները խոստացել էին «համապատասխան միջազգային համաձայնագրերին համահունչ ջանքեր գործադրել մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար», ինչպես նաեւ պարտավորվել էին սերտորեն համագործակցել կրոնական դավանանքների, հաստատությունների եւ կազմակերպությունների հետ՝ «մշակութային ժառանգության պահպանման առնչությամբ եւ պատշաճ ուշադրություն դարձնել կրոնական ծագում ունեցող հուշարձաններին եւ օբյեկտներին»:

 

Այս համատեքստում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է կազմակերպության համապատասխան բոլոր կառույցներին, այդ թվում Մինսկի խմբի համանախագահներին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ եւ տեւական խաղաղությանը միտված իրենց ջանքերում:

«Հայկական պատմամշակութային կոթողների պահպանությունը ընդգրկված է եղել [ԵԱՀԿ] Մշտական խորհրդի օրակարգում: Այս լույսի ներքո ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ բոլոր համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ իր համանախագահներին, համապարփակ եւ տեւական խաղաղությանը միտված իրենց ջանքերում: Դա էապես կբարելավի ողջ տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունը եւ բարեկեցությունը եւ կապահովի պատմական եւ մշակութային բոլոր հուշարձանների պաշտպանությունը»,-նշված է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության պատասխան նամակում: Լեհական նախագահությունից զերծ են մնացել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի նախորդ տարվա դեկտեմբերի որոշումը մեկնաբանելուց: Հիշեցնենք, որ մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել էր Ադրբեջանի՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները դատապարտող բանաձեւ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը» վերնագրով: Բանաձեւին կողմ էր քվեարկել ԵԽ 635 անդամ, դեմ՝ 2-ը, ձեռնպահ՝ 42-ը: Պատգամավորներ Պետեր վան Դալենի, էվին Ինջիրի եւ մյուսների հեղինակած բանաձեւով Եվրախորհրդարանը «խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական մշակութային ժառանգությունը վերացնելու եւ ժխտելու քաղաքականությունը, որը խախտում է Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը»:

Նկատի ունենալով, որ ցանկացած հուշարձանի կամ կրոնական ու ազգային ժառանգության որեւէ այլ օբյեկտի ոչնչացումը կամ պղծումը խախտում է Եվրոպական միության սկզբունքները՝ բանաձեւն արձանագրում է, որ արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմից եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադարից հետո 1456 միավոր՝ հիմնականում հայկական հուշարձաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ընդ որում՝ 2020 թ. պատերազմի ժամանակ հայկական մշակութային ժառանգությանը զգալի վնաս է հասցվել Ադրբեջանի կողմից, մասնավորապես՝ ռմբակոծվել է Շուշիի Ղազանչի եկեղեցին, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, ինչպես նաեւ հակամարտության ընթացքում ավերման, կարգավիճակի փոփոխության են ենթարկվել այլ եկեղեցիներ եւ գերեզմանատներ, ինչպիսիք են Մեխակավան քաղաքի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Սուրբ Եղիշեն՝ Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում, իսկ Հադրութի Ծակուռի գյուղի 12-րդ դարի հայկական եկեղեցի այցելության ընթացքում Ադրբեջանի նախագահ Ալիեւը խոստացել է հեռացնել դրա հայերեն գրությունները: Եվրոպական խորհրդարանը նաեւ ողջունում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկը եւ կոչ է անում կազմակերպությանը անհապաղ կյանքի կոչել այդ առաքելությունը, նաեւ ընդգծում է, որ Ադրբեջանը պետք է անարգել մուտք տրամադրի դեպի հայկական մշակութային ժառանգության բոլոր օբյեկտները, որպեսզի առաքելությունը տեղում գույքագրի եւ պարզի, թե ինչ վիճակում են դրանք: Բանաձեւի քվեարկման օրը Եվրախորհրդարանի տասնյակ պատգամավորներ իրենց ելույթներում միաձայն դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ՝ կոչ անելով ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այլեւ Եվրամիությանը եւ միջազգային այլ հեղինակավոր կառույցների քայլեր ձեռնարկել հայկական եկեղեցիներն ու այլ սրբավայրերը պաշտպանելու նպատակով, իսկ Ադրբեջանի իշխանություններին կոչ արեցին հավատարիմ մնալ իրենց ստանձնած միջազգային պարտավորություններին եւ զերծ մնալ հայկական ժառանգության նկատմամբ հետագա ոտնձգություններից: ԵԽ պատգամավորներից շատերը Ադրբեջանի քաղաքականությունը անվանեցին մշակութային ցեղասպանություն՝ սիրիական Պալմիրայում՝ իսլամիստների, Կիպրոսում՝ Թուրքիայի կողմից իրականացված մշակութային ցեղասպանությունների եւ վանդալիզմի այլ հանրահայտ դեպքերի համանմանությամբ:

Ն. Պ.

 

 

ՓԱԿՎԵԼ Է

Իջեւան  համայնքի բնակչուհին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին հայտնել է, որ ինքը քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) Իջեւան քաղաքի գրասենյակից  վերցրել էր իր մոր մահվան վերաբերյալ փաստաթղթերը, սակայն այդ փաստաթղթերում հանգուցյալ մոր անունները տարբեր կերպ են գրված, եւ հարկ է այդ տարբերության վերաբերյալ  քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից հավելյալ փաստաթուղթ  ստանա, սակայն  Իջեւան քաղաքի գրասենյակն արդեն մեկ ամիս  փակվել է։ Այդ կապակցությամբ պարզաբանման համար դիմեցինք Իջեւանի համայնքապետարան։ Համայնքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՔԿԱԳ-ի Իջեւանի գրասենյակը նախկինում գործել է Հայփոստի շենքում, գրասենյակի աշխատողը եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցը, աշխատավարձ է ստացել այդ նախարարությունից, նախարարությունը ՔԿԱԳ Իջեւանի գրասենյակը փակել է։ Քաղաքապետարանից խորհուրդ տվեցին, որ համայնքի բնակչուհին  իրեն անհրաժեշտ փաստաթղուղթը ստանա ՔԿԱԳ Դիլիջան քաղաքի գրասենյակից։ Իջեւան համայնքի բնակչուհին դժգոհեց, որ Իջեւանից Դիլիջան 34 կմ հեռավորություն է, ինքը մի փաստաթուղթ ստանալու համար պետք է, տրանսպորտային ծախսեր կատարելով, Իջեւան խոշոր  համայնքի մաս կազմող գյուղից հասնի Իջեւան քաղաք, այնտեղից էլ՝  Դիլիջան քաղաք, եւ վերադառնա։

 

 

ԵՐԱՇՏ

Ձմեռն ավարտվեց, սակայն ձյուն քիչ տեղաց։ Ապրիլ-մայիս ամիսներին տեղացած անձրեւների ջուրը հողը չի ներծծում, այն սելավների ձեւով  հողի մակերեսից հեռանում է։ Հայաստանի բնակավայրերի մեծ մասի խմելու ջուրը մատակարարվում է շրջակա գետերից, աղբյուրներից, տեղացած սակավ ձյան պատճառով ամռանը դրանցում ջրի քանակը նվազում է։ Նմանապես բարդանում է հողերի ոռոգման գործը։ Ոռոգման խնդիրը կարելի է լուծել ոռոգման ջրամբարներ կառուցելով։ Հայաստանի անկախացումից հետո Տավուշի մարզում ոռոգման ոչ մի ջրամբար չի կառուցվել, թեեւ Դեբեդ եւ Աղստեւ գետերի ջրերով գործող ոռոգման հանգուցներում աշխատանքներ են կատարվել։ Տավուշում  երաշտ է սպասվում, ինչը բացասաբար է ազդելու հողագործության եւ անասնապահության վրա։ Կլիմայի տաքացումը, անապատացման վտանգը վերջին տարիներին կայուն սպառնալիք է։

 

 

ՔԻՉ ԱՇՆԱՆԱՑԱՆ

Տավուշի մարզում նվազել են աշնանացանի ծավալները։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականին մարզում կատարվել է 4150.4 հեկտար աշնանացան: 2021 թվականին մարզում ցանվել է 1853 հեկտար, 2022թ. հունվարի տվյալներով՝ արվել է 2370 հեկտար աշնանացան, որի բացարձակ մեծամասնությունը ցորեն է, քիչ քանակությամբ գարի։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է  ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ

Ուկրաինայում  բնակվող իջեւանցի  գործարար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թաղեցի, 2013թ-ից Իջեւանի պատվավոր քաղաքացի Անդրանիկ Ղազարյանը համացանցում հայտարարություն է տարածել, որ Իջեւանի կենտրոնում գտնվող, իր կողմից վերանորոգված, 2021 թվականին գործարկված «Իջեւան» նախկին հյուրանոցում կառուցապատված բնակարանները գնի (քառակուսի մետրը 650 դոլարին համաժեք  դրամ) 30 տոկոս զեղչով է առաջարկում Ուկրաինայի հայերին։ 1970թ. ծնված Անդրանիկ Ղազարյանն  եւ իր եղբայր, նույնպես Ուկրաինայում գործարարությամբ զբաղվող Ֆրունզե Ղազարյանը Իջեւանում բազում բարեգործություններ են կատարել, 2014թ. մայիսին քաղաքային զբոսայգում գտնվող մանկական խաղահրապարակ են գործարկել, 2021թ. մարտին Անդրանիկ Ղազարյանը աջակցել է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, Աժ նախկին  պատգամավոր, այժմ Ուկրաինայում բուքմեյքերական բիզնեսով զբաղվող Սիփան Փաշինյանի նախաձեռնությանը՝ Իջեւանում կանգառներ ձեւավորել։

Ըստ Իջեւանում շրջանառվող լուրերի՝ Անդրանիկ Ղազարյանը «Իջեւան» հյուրանոցի նախկին սեփականատիրոջից ինը հարկանի հյուրանոցի շենքը գնել է 120 հազար դոլարով: Սեփականատերը իմանալով, որ շենքի գնորդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թաղեցին է, նրա մտերիմը, անախորժություներից  հեռու մնալու համար գերադասել է ցածր գնով օտարել այն։ Ճշմարիտ է նաեւ այն, որ այդ շենքի դռները, պատուհանները նախկին տարիներին թալանել էին։ «Իջեւան» հյուրանոցը խորհրդային տարիներին Իջեւանի ամենագեղեցիկ շենքն էր, այն ապակեպատ էր, Ա. Ղազարյանը ձեւափոխել է շենքի տեսքը, Իջեւանի կենտրոնում գտնվող շենքի ճակատային մասում օգտագործվել են բետոնե «բլոկներ»։ Շենքի նորոգման շինթույլտվությունը տրվել է 2019թ. աշնանը, երբ Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, այժմ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն էր։ Անդրանիկ Ղազարյանը  բնակվում եւ աշխատում է Ուկրաինայի Չերկասի մարզում, նա 2018թ. Չերկասի մարզ է հրավիրել այն ժամանակ  Տավուշի մարզպետ, այժմ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանին՝ իր տնտեսությանը ծանոթացնելու եւ  Հայաստանում բիզնես սկսելու համար որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:

«Զոլոտոնոշսկի բեկոն» ընկերությունը, որի բաժնետերերից է Անդրանիկ Ղազարյանը, Ուկրաինայում 14 տարուց ավելի զբաղվում է ժամանակակից խոզաբուծական ֆերմերային տնտեսության զարգացմամբ, այգիների հիմնամբ, հացահատիկային կուլտուրաների արտադրությամբ եւ  բավական հաջողություններ ունի: Այդ ընկերությունը  ունի շուրջ 20 հազար հեկտար  մշակվող հողատարածքներ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս