«Պատրաստ եմ նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը». Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՊՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ, հայտնում են համալսարանի հանրային կապերի բաժնից։

Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ձևավորված ավանդույթի համաձայն՝ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում տարբեր հարցեր, փոխանակում մտքեր՝ ի շահ պետության առաջընթացի և զարգացման:

Հ. Հովհաննիսյանն ասաց, որ ԵՊՀ-ն եղել, մնում է և լինելու է մեր երկրի գիտության ու կրթության ոլորտի շարժիչ ուժը: Նա ներկայացրեց բուհում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներն ու նախաձեռնությունները, որոնց նպատակը կրթության որակի բարելավմանը, հետազոտությունների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև նորարար ու ստեղծագործ միջավայրի ապահովմանը նպաստելն է: ԵՊՀ ռեկտորը վստահեցրեց, որ սպասվում են բազմաթիվ փոփոխություններ, որոնք կապված են նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հետ, ապա ներկայացրեց առաջիկայում ԵՊՀ-ում սպասվող կարևոր իրադարձություններն ու միջոցառումները:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ասաց՝ իր համար մեծ պատիվ է Մայր բուհում գտնվելը, քանի որ դեռևս ուսանողական տարիներին այն համոզմանն է եղել, որ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀկրթական համակարգի դրոշակակիրն է: Վ. Խաչատուրյանը նշեց, որ մեր երկրի զարգացման ներուժը կրթությունն է, գիտությունը և մարդը, ապա հավելեց, որ այս տեսանկյունից ԵՊՀ-ից սպասելիքները շատ են:

ՀՀ նախագահը վստահեցրեց, որ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը: Նախագահը անդրադարձավ բարձրագույն կրթության կարևորությանը, ապա խոսեց խնդիրների ու մարտահրավերների մասին.

«Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հանդիպման ժամանակ անդրադարձավ կրթական,մասնավորապես բուհական համակարգի խնդիրներին՝ շեշտելով, որ կրթությունն ու գիտությունը շաղկապված են միմյանց և առանձին գործել չեն կարող: Նա նույնպես կարևորեց ԵՊՀ-ի դերն ու նշանակությունը՝ պատահական չհամարելով«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվող Մայր բուհի հատուկ կարգավիճակը: Հանդիպման վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակում, և ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց՝ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:




Լրահոս