Մեղադրանք է առաջադրվել վարչության պետին և ավագ քննիչին․ թույլ են տվել «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորին լքել Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի՝ ՀՀ պետական սահմանը հատելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանքներ են առաջադրվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետ Է.Պ.-ին և նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լ.Ս.-ին:

Այս մասին ArmLur.am-ին  հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

«Քննությամբ պարզվել է, որ 2019թ. դեկտեմբերի 20-ին ԲԴԽ-ի կողմից Ս. Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները բավարարվելուց, Գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Սամվել Ուզունյանին Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվելուց հետո, նույն օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ (ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության պետ) Է.Պ.-ն տեղեկացվել է կայացված բոլոր վերոնշյալ որոշումների օրինակներն ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններն անհապաղ կատարելու անհրաժեշտության մասին և դրա վերաբերյալ տեղեկացրել այդ քրեական գործով նախաքննությունն իրականացնող նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ (ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ավագ քննիչ) Լ.Ս-ին: Սակայն նրանք անմիջապես միջոցներ չեն ձեռնարկել որոշումները ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները կատարելու համար՝ հայտնելով, որ դրանք կստանան հաջորդ օրը»,-ասվում է դատախազության պատասխանում:

Պարզվել է նաև, որ 2019թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 01:50-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրավասու մարմնի աշխատակցի կողմից հեռախոսազանգի միջոցով ՀՔԾ վարչության պետը, իսկ նրա միջոցով՝ նաև քննիչը տեղեկացվել են այն մասին, որ Ս. Ուզունյանը գտնվում է օդանավակայանում, գնել է ժամը 02։50-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթի տոմս և պատրաստվում է լքել ՀՀ տարածքը:

«Այդ պայմաններում ՀԿԳ ավագ քննիչը, ՀՀ ՀՔԾ վարչության պետը, ունենալով քրեադատավարական առավել քան բավարար գործիքակազմ և ժամանակ, չեն կատարել իրավիճակից բխող անհապաղ ու անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դրսևորելով անգործություն:

Նշած անձանց անգործության հետևանքով ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Ս. Ուզունյանը լքել է ՀՀ տարածքը՝ թաքնվելով քննությունից, խուսափել քրեական պատասխանատվության ենթարկվելուց»,-հայտնում են դատախազությունից:

Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է:




Լրահոս