Նոր հնարավորություն ՀՀ ՏՏ ընկերությունների համար․ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը բացում է իր դռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 տարի Հայաստանի գիտատեխնոլոգիական ոլորտում և 10 միլիոն դոլարի ներդրում։ Այժմ էլ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնը հետաքրքրված է ՀՀ տեխնոլոգիական ընկերությունների հետ սերտ համագործակցությամբ ՏՏ նախագծերի շուրջ։ Նախագծերի ուղղությունները բազմազան են, ծավալները՝ տպավորիչ։ Մանրամասները կարդացեք հոդվածում։
Մարտի 22-ին Ֆիլիպ Մորրիս ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ մասնագիտական շրջայց՝ նախատեսված ՀՀ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների համար։

Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը և վերջինիս հետ տեխնոլոգիական ոլորտի համագործակցության հնարավորություններն ու տեսլականը: Միջոցառումը միտված էր գործնական նոր կապերի ստեղծմանն ու տեխնոլոգիական ոլորտի հետ հետագա համագործակցության խթանմանը։

Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժի հետքերով 2018 թվականին Երևանում բացվեց ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի PMI Science գիտահետազոտական կենտրոնը։

Կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանի խոսքով, Հայաստանը ունի հարուստ գիտական ժառանգություն։ «Վերջին 2-3 տարիների ընթացքում կենտրոնը արել է ավելի քան 10 մլն դոլարի ներդրում Հայաստանի գիտահետազոտական ոլորտում։ Ֆունդամենտալ գիտության բնագավառում մենք համագործակցում ենք տեղական հետազոտական կենտրոնների հետ։ Կա նաև համագործակցություն Հայաստանի տեխնոլոգիական ու ՏՏ ընկերությունների հետ։ Մեկ տարի առաջ մենք սկսել ենք մի մեծ ծրագիր, որը միտված է տեխնոլոգիական ոլորտում ստարտափների ստեղծմանն ու զարգացմանը։ Սա անում ենք հօգուտ բիզնեսի և ի շահ հասարակության, քանի որ դա համագործակցության ու զարգացման լավագույն տարբերակն է»։

Ներկայումս Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գտնվող կենտրոնը համագործակցում է մի շարք տեղական հետազոտական ինստիտուտների և համալսարանների հետ՝ իրականացնելով համատեղ ծրագրեր։ Թիմը դինամիկ կերպով ընդլայնվում է, իսկ հետազոտողները աշխատում են հետևյալ առաջնային ուղղություններով. Տվյալագիտություն, տեխնոլոգիաներ, նյութաբանություն։ Կենտրոնում կան նաև տարածաշրջանային մակարդակով եզակի սարքավորումներ, որոնք հասանելի են հայ գիտնականներին բոլորովին անվճար։

Girls In Tech նախաձեռնության տնօրեն Սեդա Պապոյանը, որ առաջին անգամ էր այցելել PMI Science կենտրոն, նշում է, որ շատ տպավորված է թե՛ միջավայրով, թե՛ կենտրոնի ծրագրերով, թե՛ կանանց ներգրավվածությամբ։ «Շատ տպավորված եմ տեսնելով, թե վերջին մի քանի տարիների ընթացքում PMI Հայաստանը ինչ հետաքրքիր միջավայր է ձևավորել և ստեղծել հնարավորություններ։ Ես շատ ուրախ եմ, որ կան Հայաստանում նման կազմակերպություններ, որոնց միայն չեն աշխատում իրենց արդյունքները բազմապատկելու, ավելի շատ գումարներ ստեղծելու ուղղությամբ, այլ այն երկրներում, որտեղ աշխատում են, միանշանակ անհանգստանում և ջանքեր են գործադրում այդ երկրներում ապագան ավելի լավը դարձնելու համար»։

Հայաստանի ՏՏ ընկերությունները նույնպես կարող են դառնալ գիտական ու տեխնոլոգիական այս շարժման մի մասը։ PMI Science—ը բացում է իր դռները՝ ձգտելով համագործակցության նոր հիմքեր հաստատելու հայաստանյան տեխնոլոգիական ու IT ընկերությունների հետ։ PMI Science—ի Տվյալագիտության գծով կառավարիչ Նարեկ Մելքոնյանը նշում է․ «Ընկերությունը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Բավականին լայն են մեր մասնագիտության հետ կապված բոլոր ուղղությունները։ Ունենք նաև տարբեր IT նախագծեր, որոնք կարող են հետաքրքրել Հայաստանի տարբեր ՏՏ ընկերությունների։ Երկու հիմնական զարգացման հեռանկար նշեմ․ ՏՏ նախագծերի ծավալի մեծացումն ու ուղղությունների ընդլայնումը։ Եթե Հայաստանում մենք սկսել ենք աշխատել տվյալագիտության ուղղությամբ, ապա հիմա մտցնում ենք նոր ուղղություններ՝ վիճակագրություն, բիովիճակագրություն, նաև ծրագրային ապահովման մշակում ու այլ ուղղություններ, որոնք մեզ հետաքրքրում են»։

Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է շատ յուրօրինակ մոտեցում՝ Հայաստանում գիտական և տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու գործում՝ կենտրոնացած մարդկային կապիտալի վրա։ Էկոհամակարգի զարգացման շրջանակում կենտրոնն աջակցում է մագիստրոսական երկու ծրագրերի՝ Համակարգային Ինժեներիայի և Տվյալագիտության ոլորտներում։ Երկու տարվա ընթացքում գիտահետազոտական կենտրոնը մագիստրոսական կրթաթոշակ է տրամադրել մոտ 55 ուսանողների, ինչպես նաև աջակցել է 20 ասպիրանտների՝ իրենց հետազոտություններն իրականացնելու համար։ Միաժամանակ, Հայաստանի առաջատար կառույցների 29 հետազոտական թիմեր նույնպես ստացել են աջակցություն և հետազոտություններ են իրականացնում նյութագիտության, տվյալների վերծանման, տվյալների կառավարման, էլեկտրական ինժեներության, Էլեկտրոնիկայի կառավարման համակարգերի, մոդելավորման, կիրառական մաթեմատիկայի և այլ ուղղություններով։




Լրահոս