«Ավետարանը» թաքցնելու համար կնոջը մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մանիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկացված լինելով իրեն ի պահ հանձնված խոշոր չափերով «Ավետարանի» նկատմամբ կիրառված արգելանքի մասին, նախազգուշացված լինելով արգելանքի տակ գտնվող խոշոր չափերով գույքն օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու անթույլատրելիության համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու մասին, թաքցրել է ավետարանը, հրաժարվել է տեղեկություն հայտնել ավետարանի գտնվելու վայրի մասին` պատճառաբանելով, որ այն իր տանից տարել է ներկայիս հանգուցյալ հայրը՝ Արամ Վարժապետյանը:

Այսպես.

2019 թվականի սեպտեմբերի 02-ին Հովհաննես Վարժապետյանը կտակով իրեն պատկանող «Ավետարանը» Մանիկ Ավագյանի և Արամ Վարժապետյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու հայցապահանջով դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ Մանիկ Ավագյանի և Արամ Վարժապետյանի: Գործի քննության ընթացքում դատարանը հայցվորի միջնորդության հիման վրա կատարողական թերթի համաձայն՝ արգելել է պատասխանողներին «Ավետարանը» օտարելը կամ փչացնելը: Նշված որոշման հիման վրա ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել Հ.Վարժապետյանի գույքի վրա, որն ի պահ է հանձնվել Հ.Վարժապետյանի հորը՝ Արամ Վարժապետյանին և քրոջը՝ Մանիկ Ավագյանին:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021 թվականի մարտի 31-ի վճռով Հ.Վարժապետյանի հայցը բավարարվել է` վճռվել է Մանիկ Ավագյանի ապօրինի տիրապետումից Հովհաննես Վարժապետյանին վերադարձնել սեփականության իրավունքով վերջինիս պատկանող «Ավետարանը»:

Մինչդեռ Մ.Ավագյանը, նախազգուշացված լինելով արգելանքի տակ գտնվող խոշոր չափերով գույքն օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու անթույլատրելիության և նմանատիպ արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսված լինելու մասին, դիտավորությամբ թաքցրել է խոշոր չափերով՝ մոտ 952.200 ՀՀ դրամ արժողությամբ ավետարանը, 2022 թվականի հունվարի 19-ին հրաժարվել է ԴԱՀԿ աշխատակիցներին տեղեկություն հայտնել ավետարանի գտնվելու վայրի մասին` պատճառաբանելով, որ այն իր տանից տարել է հայրը՝ Արամ Վարժապետյանը, ով մահացել է 2020 թվականի հունիսի 27-ին:

Այսինքն՝ Մանիկ Արամի Ավագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:

Գործը դատարանում է:




Լրահոս