Քննչական մարմնի աշխատակցի պարտականությունն է ապահովել քրեական վարույթների շրջանակում ձեռք բերված ապացույցների պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, քննիչ Հ. Մարդյանն ինքն է դարձել այդպիսի իրերի հափշտակության մասնակից՝ փորձագիտական կենտրոնից վերցնելով ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև խուզարկությամբ առգրավված ոսկուց ու ադամանդներից պատրաստված շախմատ։ Հափշտակված իրերի ընդհանուր արժեքը, ըստ մեղադրանքի, գերազանցում է 21 մլն դրամը։ Գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Փորձագիտական կենտրոնից վերցրել է ավելի քան 6 մլն դրամի զարդեր
Ըստ մեղադրանքի՝ Հ. Մարդյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչի պաշտոնը, 2025թ. մարտի 18-ին այցելել է Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ։ Նա կենտրոնի աշխատակցին հայտնել է, թե ցանկանում է ստանալ փորձագիտական կենտրոնի՝ մարտի 4-ին կազմած եզրակացությունը և դրան կից նյութերը՝ դրանք քրեական վարույթն իրականացնող ավագ քննիչին փոխանցելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Մարդյանը ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և, չարաշահելով աշխատակցի վստահությունը, ստացել է փորձաքննության եզրակացությունն ու դրան կից ոսկյա և արծաթյա զարդերը։ Դրանց արժեքը 2025թ. մարտի 18-ի դրությամբ կազմել է 6 մլն 124 հազար 320 դրամ։
Սակայն, ինչպես նշված է մեղադրանքում, նա զարդերը չի փոխանցել քննիչին, այլ հափշտակել է դրանք։
Ոսկյա ու ադամանդե շախմատը վաճառել է
Մարդյանին մեղադրանք է առաջադրվել նաև մեկ այլ քրեական վարույթի շրջանակում առգրավված թանկարժեք իրերի հափշտակության համար։
Ըստ մեղադրանքի՝ նա 2024թ. դեկտեմբերի 9-ին ստանձնել է քրեական վարույթի նախաքննությունը։ 2025թ. հունվարի 31-ին փորձագիտական կենտրոնից ստացել է այդ վարույթի շրջանակում նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացու տան խուզարկության ժամանակ հայտնաբերված ոսկուց և ադամանդներից պատրաստված շախմատի խաղաքարերն ու դրանց բաղկացուցիչ դետալները։
Այդ իրերի արժեքը 2025թ. հունվարի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 218 հազար դրամ։
Մեղադրանքի համաձայն՝ Մարդյանը հափշտակել է շախմատն ու դրա դետալները՝ դրանք վաճառելով քննությամբ չպարզված անձի։
Ավելին՝ սկզբնաղբյուրում․
























































































