Ինչ փոփոխություններ են գրանցվել խոշոր հարկատուների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը: Խոշոր հարկատուների մեծ մասn ավելացրել է հարկային վճարումները, մի մասը` նվազեցրել, իսկ մի քանիսն էլ չեն հայտնվել ցանկի առաջին տասնյակում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 13 մլրդ 570 մլն դրամի հարկային վճարումներ: Թեեւ ընկերությունը ցանկի առաջատարն է, բայց այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 426 մլն դրամով պակասեցրել է հարկային վճարումները:

Հազար խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում տեղավորվել է ծխախոտի տեղական արտադրող, հեղափոխությանը աջակցած «Գրանդ տոբակո» ընկերությունը, որն այս տարվա հունվար-մարտին զգալի ավելացրել է հարկային վճարումները: Ընկերությունը պետական բյուջե վճարել է 12 մլրդ 830 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 մլրդ 70 մլն դրամի դիմաց (ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եւս զբաղեցրել է ցանկի 2-րդ տեղը):

Ըստ մասնագետների` ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է: Ծխախոտ արտադրողին հաջորդում է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը», որը շեշտակի ավելացրել է հարկային վճարումները: Այս տարվա հունվար-մարտին ընկերությունը կատարել է 6 մլրդ 684 մլն դրամի հարկային վճարումներ, մինչդեռ նախորդ տարվա առաջին եռամսյակում հանքարդյունաբերող ընկերությունը պետական բյուջե կատարել է 4 մլրդ 103 մլն դրամի հարկային վճարում: Ստացվում է, որ մեկ տարում ընկերությունը մոտ 2 մլրդ 581 մլն դրամով ավելացրել է հարկերը:

Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է ցանկում առաջ եկել: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը 6-րդ տեղում էր, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 4-րդ` 4 մլրդ 544 մլն դրամի չափ վճարած հարկով: Հազար խոշոր հարկատու համարվող ՀԷՑ-ը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացրել է հարկերն ու տուրքերը, օրինակ` նախորդ տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 2 մլրդ 598 մլն դրամ հարկ ու տուրք: Բայց, չնայած սրան, այս տարվա 5 ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը 7.4 տոկոսով նվազել է:

ՀԷՑ-ին հաջորդում է հանքարդյունաբերությամբ զբաղվող մյուս ընկերությունը` «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը: ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է ցանկի 5-րդ տեղը` վճարելով 4 մլրդ 295 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարել է 2 մլրդ 494 մլն դրամ հարկ ու տուրք: Ծխախոտի տեղական արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը զբաղեցնում է հազար խոշոր հարկատուների ցանկի 6-րդ տեղը եւ պետական բյուջե կատարել է 3 մլրդ 955 մլն դրամ հարկ ու տուրք: Ի դեպ, այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցանկի առաջին տասնյակում չի եղել. 12-րդ տեղից առաջ է եկել եւ հայտնվել 6-րդ տեղում:

«Ժողովուրդ» օրաթերթը հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ 7-րդ տեղում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որի հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 769 մլն դրամ: Այս ընկերությունը փոքր-ինչ նվազեցրել է հարկերը` 43 մլն 422 հազար դրամի չափով: Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում այս ընկերությունը ցանկի 4-րդ տեղն է զբաղեցրել, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն 7-րդն է: Հազար խոշոր հարկատուների ցանկի 8-րդ տեղում է բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը` 3 մլրդ 753 մլն դրամ հարկ ու տուրքով: Այս ընկերությունը, հակառակը, ավելացրել է հարկերը`1 մլրդ 242 մլն դրամի չափով: Իսկ, ահա, 2015 թվականին հիմնադրված «Ակվիլոն Թրեյդ» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկի 9-րդ տեղում է` 3 մլրդ 414 մլն դրամ հարկային վճարումներով:

Ամենաուշագրավն այն է, որ այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցանկի 101-րդ տեղում է եղել, իսկ պետական բյուջե վճարել է 331 մլն դրամ: Տարօրինակ է, բայց փաստ, որ այս ընկերությունը հասցրել է մեկ տարվա ընթացքում 3 մլրդ 836 մլն դրամով ավելացնել հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը 2016 թվականից` հիմնադրվելուց մեկ տարի անց է հայտնվել հազար խոշոր հարկատուների ցանկում: Այս ընկերության անունը ոչ մի տեղ գրանցված չկա, եւ հայտնի չէ, թե ինչով է զբաղվում։ Իսկ վճարված հարկերի մեծ մասը հավաքագրվել է մաքսային մարմինների կողմից, եւ ենթադրվում է, որ ընկերությունը զբաղվում է ներմուծումներով: Այս ընկերության մասին միայն հայտնի է, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Հայկ Զոհրաբյանն է աշխատել` որպես լոգիստիկ բաժնի ղեկավար:

Հազար խոշոր հարկատուների ցանկի 10-րդ հորիզոնականը գլխավորում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերությունը, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անգամ տեղ չի գտել առաջին տասնյակում: Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետական բյուջե վճարել է 2 մլրդ 794 մլն դրամ հարկ ու տուրք: Իսկ, ահա, այս տարվա առաջին եռամսյակում հարկային վճարումները կազմել էին 1 մլրդ 664 մլն դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս