ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեներալ-լեյտենանտ Մակարյանի դեմ հարուցված գործը կուղարկվի դատարան. ինչ է եղել պատերազմի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով եւ գործը կուղարկի վերասկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ:

Ի դեպ, Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ մյուս զինվորականների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու:

Զինված ուժերի Պատրաստության գլխավոր վարչության նախկին պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Գեներալ-լեյտենանտը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ըստ լուրերի՝ Մակարյանը 60-ից ավել քանակությամբ զորքին կոնկրետ առաջադրանք է տվել, որ կատարեն պատերազմի ժամանակ, ինչի հետեւանքով 60-հոգանոց զորքի զգալի մասը անհետ կորել է, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ուր են, իսկ մի մասն էլ փախել է:

Ըստ էության՝ նախաքննական մարմինն էլ հենց 60 հոգանոց զորքի առեղծվածային անհետանալու մեջ տեսել է գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Մակարյանի մեղքը: Կասկածներ կան, որ Մակարյանը գիտակցել է, որ 60 հոգանոց զորքին ուղարկում է մահվան դուռը, բայց, անկախ այդ հանգամանքից, նրանց առաջ խնդիր է դրել, ինչն էլ ճակատագրական է դարձել շատերի համար:

Քնար Մանուկյան




Լրահոս