Դերասան Վահե Հակոբյանը մի քանի ամիս առաջ է վերադարձել բանակից: Երկու տարի Արցախում է ծառայել: Ծառայության մեկ տարին նոր էր լրացել, երբ սկսվեց պատերազմը: Կրտսեր սերժանտ Հակոբյանն էլ իր ծառայակից ընկերների հետ, ովքեր անմիջապես դարձան մարտական ընկերներ, միանգամից անցավ իր առջև դրված խնդիրների կատարմանը: «Հիմա ինչի մասին էլ խոսենք պաթետիկ է հնչելու, իսկ ես պաթետիկ, վերամբարձ խոսքեր չեմ սիրում: Չեմ սիրում խոսել այն մասին, թե ինչ ենք արել ու ինչ գնով: Արել ենք, որովհետև պարտավոր էինք, այլ տարբերակ չէր էլ կարող լինել: Այո՛, հայրենիքը բոլորիս կարիքն ուներ ու մի վայրկյան անգամ չենք մտածել, թե ինչ կարող էր պատահել մեզ հետ, որովհետև թե՛ ես, թե՛ ընկերներս մի բան գիտեինք՝ թիկունքում մեր ծնողներն են, հարազատները, ընկերները: Թիկունքում Մարտունին էր, Մոնթեի Մարտունին, որը պետք էր պաշտպանել անգամ կյանքի գնով»,- ասում է Վահեն ու խնդրում, որ պատերազմից չխոսենք: Ասում է՝ պատերազմը իր կյանքում մի չավարտված էջ է, որը կիսատ է թողել, բայց վստահ է՝ օրերից մի օր վերջակետ դնելու հնարավորություն ունենալու է՝ էլի իր մարտական ընկերների հետ: Ընդառաջում ենք խնդրանքին ու սկսում ստեղծագործական կյանքից խոսել:
Վահե Հակոբյանը բանակ է զորակոչվել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո: Սովորել է նախ Դավիթ Հակոբյանի, ապա Նարինե Գրիգորյանի արվեստանոցում: Մինչև բանակ գնալն էլ հեռուստանովելներում, փաստավավերագրական ֆիլմում է խաղացել: Նկարահանվել է«Ծղրիդի երգը», «Տիեզերք տիեզերքում․ Վիկտոր Համբարձումյան» ֆիլմերում:
Դժվա՞ր չէր թողնել դերասանի մասնագիտությունը, կտրվել բեմից, եթերից ու գնալ բանակ՝ հարցնում ենք՝ նկատելով Վահեի ժպիտը:
«Իհարկե, դժվար էր: Երբ սիրում ես մասնագիտությունդ, որը ժամանակի ընթացքում պարզապես վերածվում է ապրելակերպի, կտրվելը, այն էլ՝ միանգամից, շատ բարդ է: Գիտեք, այդ դժվարությունն էլ հեշտ հաղթահարվեց: Երբ գիտակցում ես, որ այն, ինչի համար թողնում ես այդ ամենը, ավելի կարևոր է ու անհրաժեշտ, համակերպվում ես՝ մտածելով՝ դե թատրոնին, ֆիլմերին դեռ կվերադառնամ, հերթը՝ ծառայելունն է, որին ոչ մի աշխատանք իր կարևորությամբ ու արժեքով չի կարող գերազանցել», -պատասխանում է դերասանը: Վահեն հիմա արդեն «Շանթ» հը հեռարձակվող «Հատուկ դասարան» սերիալում է նկարահանվում: Մարմնավորում է ընկեր Սարգսյանին:
Հետաքրքրվում ենք՝ դժվա՞ր չէ ծառայությունից հետո վերադառնալ նկարահանման հրապարակ.
«Ես էլ ունեի այդ մտավախությունը: Ժամանակ, սակայն չունեի: Քասթինգ էր հայտարարվել, որոշեցի մասնակցել: Երբ տեղեկացա, որ հաղթահարել եմ այդ փուլը, ուրախացա, բայց էլի սկսեցի երկմտել՝ տեսնես կկարողանամ ինձ ազատ զգալ այնպես, ինչպես նախկինում: Պատկերացրեք, որ ստացվեց: Իսկ դա ստացվեց շնորհիվ, մեղմ ասած, լավ ու ընկերական ստեղծագործական անձնակազմի, որին համախմբել է «Հատուկ դասարան»-ը »:
Հիշեցնենք, որ ֆիլմի սցենարի հեղինակը Անի Մաղաքյանն է, ռեժիսորը՝ Հովհաննես Ղազարյանը:
Դերասանը պատմում է, որ իր մարմնավորած Սարգսյանի կերպարը դրական, ընկերասեր կերպար է, սիրում է աշակերտներին, անգամ՝ «հատուկ դասարանի» և փորձում է հարթել կոնֆլիկտները:
Լիդա Եղիազարյան