Անօրինական առևտրի դեպքում կարող են բռնագրավել նաեւ ապրանքները․ նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։

Մասնավորապես, ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով:

Առաջարկվող նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ակնկալվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված զանցակազմը պարունակող արարքների կտրուկ նվազում։

Մասնավորապես,

«Հոդված 162. Ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը

  1. Ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

2․ Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձի սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ»։

Ն․Հ․




Լրահոս