Ինչ հարցեր են քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը վեց ամիս ընդմիջումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Հունիսի 3-ին,  Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, կողմերը «քննարկել և hստակեցրել են իրենց մոտեցումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով` ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»։

Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ»։

Իսկ ահա Ռուսաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը «քննարկել և մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով անցնող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների, ինչպես նաև քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»:

Ռուսական կողմը ևս հաղորդում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի հնարավոր երթուղիների քննարկման մասին: Հավելենք, որ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի է ունեցել վեցամսյա ընդմիջումից հետո:




Լրահոս