Արցախում վնասազերծվել են 128 պայթուցիչ, 54 հրթիռ. ԱՀ ՆԳՆ-ն ամփոփում է շաբաթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնը տեղեկացնում է, որ շաբաթվա ընթացքում գրանցվել է 1035 զանգ, որից 435-ը՝ ճանաչողական բնույթի:

Գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում, արձագանքել են այլ բնույթի ևս 7 կանչերի:

Տեխնածին բնույթի պատահարներից 1 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը, տուժածներ չկան: ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարար մասերում համակարգված աշխատանքներ են իրականացվում հրդեհավտանգ շրջանում բերքահավաքն անկորուստ կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում օձի հայտնաբերման վերաբերյալ 6 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել են 128 պայթուցիչ, 54 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 68 ական, 439 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 64 և նռնականետի 17 նռնակ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը Արցախի ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:




Լրահոս