ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ կհաղթի ՔՊ-ի կապանյան ընտրություններում. պատգամավորը հորդորում է ինտրիգ չփնտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկայում կուսակցական խորհուրդ կձեւավորի նաեւ Կապանում: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն Սյունիքի մարզկենտրոնում հուլիսի 10-ին կուսակցության խորհրդի անդամների ընտրություն կկազմակերպի, ինչից հետո արդեն խորհուրդը նախագահ կընտրի: Տեղեկացանք, որ, ըստ կուսակցության կանոնադրության, կուսակցականները խորհրդի կազմ ձեւավորելու համար նվազագույնը 7 անդամի պետք է ընտրեն, որ քվեաթերթիկը վավեր համարվի: Առավելագույն 7 ձայն ստացած կուսակցականներն այնուհետ խորհրդի նախագահ կընտրեն: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ի կապանյան խորհրդի նախագահ դառնալու հավակնություններ երեք հոգի ունեն՝ փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, Սյունիքի նախկին փոխմարզպետ, այժմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ Նարեկ Բաբայանն ու Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Մեզ հետ զրույցում պատգամավոր Դանիելյանը նշեց, որ տարածքային խորհրդի ձեւավորումը սովորական գործընթաց է, այդտեղ ինտրիգ փնտրելու կարիք չկա, բայց եւ չբացառեց, որ ցանկանում է խորհրդի կազմում ներառվել: «Այս խորհուրդը կզբաղվի կուսակցաշինությամբ, դրա համար եմ զարմանում, որ ինչ-ինչ շրջանակներ փորձում են ինտիգ մտցնել: Սովորական կուսակցական գործընթաց է: Ինչ վերաբերում է խորհրդի անդամ ընտրվելուն, ապա, այո, պատրաստ եմ վերցնելու այդ պատասխանատվությունը»,- շեշտում է նա:
Մեր տեղեկություններով, սակայն, մոտ 4 ամիս Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանն անում է հնարավորը, որպեսզի իր տեղակալը զբաղեցնի կուակցության խորհրդի նախագահի պաշտոնը: Նրա շահագրգռվածությունը շատերի համար է անհասկանալի, հատկապես երբ ոչ թե իր, այլ տեղակալի տեսքով է փորձում հանդես գալ: Իսկ տեղակալը, մեր աղբյուրների փոխանցմամբ, նաեւ Դանիելյանի հովանավորությամբ ու ուղղակի օժանդակությամբ է այդ պաշտոնին անցել. հիմա, փաստորեն, մոռացել է ամեն բան ու մարզպետի թելն է թելում:

Փոխմարզպետ Հարությունյանն, ի դեպ, Կապանի՝ նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՔՊ ցուցակի 4-րդ համարն է եղել, իսկ ՔՊ-ի ցուցակը, հիշեցնենք, Դանիելյանն էր գլխավորում:
Ինչ վերաբերում է մարզպետի ու Դանիելյանի հարաբերություներին, ապա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դրանք լարվել են այն բանից հետո, երբ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի երբեմնի ակտիվ քննադատ, լրագրող Նարե Ղազարյանին մարզպետի տեղակալ է նշանակել:

Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է բոլոր մարզերում տարածքային վարչություններ ձեւավորել, եւ ուշագրավ են Կապանում տեղի ունեցող գործընթացները: Նշվում է, որ այդ քաղաքում տարբեր թեւերի են բաժանված, նաեւ շրջանառվում է Ձեր անունը, որ հավակնում եք դառնալ Կապան քաղաքի տարածքային խորհրդի նախագահը: Ասում են, որ այդ առումով ջանք ու եռանդ չեք խնայում: Կասեք՝ ինչ է կատարվում իրականում:

-Ճիշտն ասած, ինձ թվում է, որ լրատվական միջոցները մի փոքր ինտրիգ են մտցնում այս ամենում, որովհետեւ այս ընտրություններով դեռ իրականում չենք էլ հասցրել զբաղվել: Դա ներկուսակցական խորհուրդ է ձեւավորվելու, այդ նույն խորհուրդն էլ իր մեջ կընտրի կուսակցության նախագահ, ով կունենա կուսակցականների կողմից այդ լեգիտիմությունը, որպեսզի զբաղվի կուսակցաշինության հարցերով իր խորհրդի եւ կուսակցականների հետ միասին: Ընդ որում, դա չվարձատրվող պաշտոն է՝ ներկուսակցական հարցերով զբաղվելու համար նախատեսված, եւ դրա համար էլ կարծում եմ՝ այդ ինտրիգները տեղին չեն:

-Ասում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի աջակցությունն եք վայելում եւ նրա անմիջական օժանդակությամբ կկարողանաք պաշտոնին անցնել:

-Արայիկ Հարությունյանը իմ ընտանիքի համար շատ հարազատ անձնավորություն է, բայց ես Ձեզ հավաստիացնում եմ, որ խորհրդի ընտրությունների հետ կապված՝ մենք անգամ զրույց չենք ունեցել: Դա ներկուսակցական հարցեր էին, մեր կուսակցության խնդիրն է, որին որեւէ մեկը չի էլ փորձի միջամտել:

-Այսինքն՝ որեւէ օժանդակություն, ներքին ինտրիգներ չե՞ն լինելու:

-Չեմ կարծում, որ կլինեն: Ամեն դեպքում, մինչեւ այս պահը ներքին ինտրիգներ չկան: Տարբեր նյութեր են հրապարակվել մինչեւ այժմ, թե ես, իմ ընկերները, զարմիկը իրար հետ խնդիրներ ունենք, բայց որեւէ խնդիր չկա, հակառակը՝ մենք լավ հարաբերություններ ունենք, զբաղված ենք մարզի խնդիրներով, հարցերը կարգավորելով:

Իսկ մարզպետի հետ կապված լուրե՞րը, թե նրա հետ տարաձայնություններ կան, եւ նա ուրիշին է ցանկանում տեսնել այդ պաշտոնում:

-Դա ցանկանալով չէ, մինչեւ այս պահը մարզպետը նաեւ կուսակցության անդամ չէ: Ողջունելի է, որ մարդիկ փորձում են տարբեր կետերի հասնել, տարբեր հաջողություններ ունենալ: Իմ առնչությունը հիմնականում լինում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ, քանի որ ես այդ հանձնաժողովի անդամ եմ:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս