Հուլիսի 10-17 Երեւանում անցկացվելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որը մեկնարկելու է Արման Նշանյանի PEOPLE OF AR Productions-ի «Ամերիկացի» ֆիլմով։ Արման Նշանյանը ֆիլմում հանդես է եկել որպես պրոդյուսեր, ըստ նրա՝ իրեն չի տեսել որպես դերակատար, քանի որ ֆիլմի հիմքում խորհրդային տարիներին տեղի ունեցած պատմություն է, իսկ կերպարային առումով ինքը չէր համապատասխանում։
Պրոդյուսերի խոսքով իրենց համար խորհրդանշական է, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է հենց Երեւանում։
«Ամերիկացի» անվանումով Հայաստանում նկարահանված ֆիլմն ըստ Արման Նշանյանի՝ կկարողանա գրավել նաեւ օտարերկրացիներին, քանի որ այն նախատեսված չէ միայն հայկական լսարանի համար։
Նշենք, որ «Ամերիկացի» ֆիլմը դերասանական կազմի աշխարհագրությունը բավական մեծ է։
«Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը եւ գլխավոր դերակատարը «Էմմի»-ի եւ «Ոսկե գլոբուս»-ի արժանացած Մայքլ Գուրջյանն է, ով մեծ հաջողություններ է գրանցել արտերկրում։ Նա նկարահանվել է մի շարք ամերիկյան ֆիլմերում։ Մեծ անակնկալ է սպասվում նաեւ «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալի հայ երկրպագուներին․ ֆիլմում խաղացել է տվյալ սերիալից հայտնի Հովիկ Կեուչկերյանը։ Նկարահանվել են նաեւ Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Նարինե Գրիգորյանը, Ժան-Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը եւ այլք»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց Արման Նշանյանը։
Պրոդյուսերը վստահեցնում է, որ ֆիլմն այս ձեւով չէին կարող նկարահանել, եթե նույն գաղափարի շուրջ չհամախմվեին պրոֆեսիոնալ մարդիկ․«Ֆիլմի շրջանակներում սկսեցինք աշխատել Պատրիկ Մալխասյանի եւ Վարդան Բարսումյանի հետ, նրանք ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են, ես եւ Սոլ Տրիոն պրոդյուսերներն ենք, հենց այս մարդկանց շնորհիվ կարողացանք այս ամենն իրականացնել։ Ցանկանում ընդգծել, որ ֆիլմը ստեղծման հարցում մեծ ներդրում ունեն Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն»։
Հավելենք, որ «Ամերիկացի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած եւ Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան եւ բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են եւ դատապարտում ազատազրկման:
Լիդա Եղիազարյան