Շրի Լանկայում պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը. ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրի Լանկայում բազամահազարանոց բողոքի ակցիաներ են։ Երկրի տարբեր մասերից մարդիկ եկել են մայրաքաղաք Կոլոմբո, հավաքվել այդ երկրի նախագահի նստավայրի դիմաց ու պահանջում են, որ նա հեռանա։ Այս մասին գրում է BBC-ն՝ նշելով, որ հայտնի չէ, արդյոք նախագահ Գոտաբայա Ռաջապակսան շենքի ներսո՞ւմ է, թե՞ ոչ։

Աղբյուրը նշում է, որ այս երկիրը տառապում է սանձարձակ գնաճի պատճառով, սննդամթերքի, դեղերի ու վառելիքի ներկրումը շատ դժվարացել է։

Կառավարության տնտեսական քաղաքականությունից դժգոհ հազարավոր ցուցարարներ մեքենաներով, ավտոբուսներով շարժվում են դեպի մայրաքաղաք։

Իշխանությունները փորձել են կանգնեցնել բողոքի ցույցերի անցկացումը՝ ուրբաթ երեկոյան սահմանելով պարետային ժամ։ Սակայն ցուցարարներին դա չի կանգնեցրել, պարետային ժամն էլ չեղարկվել է, քանի որ քաղաքացիական հասարակության խմբերը, ընդդիմադիր կուսակցությունները կտրականապես դեմ են արտահայտվել դրան:

Շրի Լանկան սպառել է արտարժույթի պահուստները և դժվարությամբ է ներկրում սննդամթերք, վառելիք և դեղորայք:

Ուրբաթ օրը ՄԱԿ-ը հորդորել է և՛ իշխանություններին, և՛ ցուցարարներին ապահովել շաբաթ օրվա ցույցի խաղաղ անցկացումը։

Վերջին տեղեկություններով, Շրի Լանկայում ցուցարարները գրավել են նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի նստավայրը։ Ըստ հաղորդագրությունների` նրանք անցել են պատնեշների ու ցանկապատի վրայով և գրավել տարածքը։ Աանկարգությունների հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել:

Վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն կուսակցությունների առաջնորդների արտահերթ նիստ է հրավիրել։ Մի խումբ պատգամավորներ նախագահին հորդորել են հրաժարական տալ։




Լրահոս