ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մեկնարկած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում Գործադիր կոմիտեի անդամների կողմից ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝ ԴՄԱ Գլխավոր ժողովում ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:
Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից:
ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ 2025 թվականին առաջադրվել էր առաջին անգամ:
Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել բոլոր դատախազներին՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։





























