«ՈՉ ՈՔ ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԻ».

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

 

-Պարո՛ն Սիմոնյան, Ադրբեջանը հերթական անգամ շարունակում է պնդել, թե արդեն ոչ միայն Արցախի մի շարք  հայկական կոթողներ, այլ նաեւ Հայաստանի՝ Երեւանի  կոթողներն են իրենը:  Հիմա էլ  Ադրբեջանի մտքի թռիչքն այնքան է զարգացել, որ հասել է մինչեւ Երեւանի «Կոնդ» թաղամաս,  ու պատերազմից հետո նմանատիպ հայտարարությունները շատ են: Ինչքան էլ  որ դրանք ազդեցություն չեն կարող թողնել, ամեն դեպքում,  միջազգային հարթակներում  լսում եւ հետեւում են: Մենք ի՞նչ ենք անում, որ նմանատիպ հայտարարություններին  կարողանանք ճիշտ հակազդել:

-Դա ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է ինչքան հնարավոր է  իր ճնշման գործիքները օգտագործել եւ օգտագործում է, որքան հնարավոր է իր քաղաքականությունը առաջ տանել:  Հիմա այլ բան է, որ մեր կողմից համապատասխան  գործողություններ չկան, կամ եթե անգամ կան, համաչափ չեն առկա վտանգին: Երբ ասում են, թե մենք ինչ ենք անում,  այստեղ պետք է հասկանալ՝ մենք՝ ով: Եթե մենք՝ որպես պետություն,  ապա այս պահի դրությամբ  երկու գործիք է օգտագործվում՝ մեկը՝ Հաագայի դատարանում, մյուսը՝ ՄԻԵԴ-ում, ուրիշ ոչ մի գործիք չի օգտագործվում: Իսկ քաղաքական հայտարարությունները մակարդակով մեծ մասամբ վախեցած խուսափոխական հայտարարություններ են, որոնք որեւէ ձեւով չեն ազդում հայկական շահի պաշտպանության վրա:

-Ինչի՞ց են վախենում:

-Ավելի լավ է՝ դա հարցնենք քաղաքական գործիչներին,  որոնք որոշումներ են  ընդունում: Վախենում են է՛լ ավելի ագրեսիվ հռետորաբանությունից եւ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի կողմից ագրեսիայից:  Իհարկե, դա մեկը մյուսի հետ  այդքան էլ կապ չունի,  բայց, կարծես թե, մեր իշխանավորները այդ կապը տեսնում են:

-Իսկ այդ կապերը համաչափ չե՞ն:

-Ես չգիտեմ: Միջազգային գործիքներ շատ կան՝ ՄԱԿ-ի, Յունեսկոյի շրջանակներում, կամ, բացի դատական գործիքներից,  կան կոնվենցիաներ, որոնց ներսում ամրագրված մշակութային  հուշարձանների պաշտպանության իրականացման շրջանակում կոմիտներ կան, որտեղ քննարկվում է այս կամ այն պետության կողմից խախտումները եւ այլն: Դա պետք է նախաձեռնել. այդ գործընթացը ինքնիրեն  չի աշխատում:  Պետք է  այն պետությունը, ում շահերը ոտնահարվել են, նախաձեռնությամբ հանդես գա, որ այդ մարմինները աշխատեն:

-Այսպես ասած, պետք է միջամտող  լինի՞:

-Դա պարզ բան է. ցանկացած մարմին՝ միջազգային, թե ներպետական, պիտի դիմի այդ մարմնին, որ ինքը աշխատի: Արտգործնախարարությունը մեկ-մեկ հանդես է գալիս հայտարարությունով, այն էլ՝  այն դեպքերում, որ ինչ-որ հյուր է գալիս Հայաստան, այդ հյուրի հետ խոսելու ընթացքում ինչ-որ հայտարարություն է արվում: Դա այդպես չէ. կան գործընթացներ, դիմումներ, ընթացակարգեր, որոնք թղթի վրա սեւով գրված է սպիտակին. դրանք պետք է աշխատեցնել: Ոչ ոք քո փախարեն քո իրավունքները չի պաշտպանի, մշակութային ժառանգությունը չի պաշտպանի,  եւ, դեռ ավելին, ոչ ոք չի էլ պատրաստվում քեզ որեւէ կերպով իր պաշտպանության ներքո վերցնել որպես փոքր եղբայր  կամ որպես գործընկեր:  Դու ինքդ պետք է պաշտպանես քեզ:

-Պարո՛ն Սիմոնյան, հիմա ինչքան էլ մենք հարեւանցի վերաբերվենք Ադրբեջանի՝ օրինակ՝ Կոնդի մասին հայտարարությանը, թե իբրեւ Կոնդ թաղամասը ադրբեջանական է,  ինչի՞ կարող են ադրբեջանցիները հասնել, եթե կանխագուշակումների հետեւից չընկնենք:

-Միջազգային հանրության աչքին,  իր ժողովրդի աչքին սա դառնում է սովորական երեւույթ, երբ  ինչ-որ մեկը կանգնում ասում է,  որ դա իմն է, ու կրկնում է 20-30 տարի. կամաց-կամաց սուտը դառնում է ճշմարտություն: Հիմա իրենք այդ  քաղաքականությունն են վարում: Ոչ միայն նոր են սկսել, այլ դա երկարամյա պատմություն ունի: Դուք գնացե՛ք Լոնդոն կամ Վաշինգտոն,  մտե՛ք ինչ-որ ճանաչված գրադարաններ, Դուք կտեսնեք պատմության հատվածում, թե ինչքան պռոադրբեջանական գրքեր կան գրված,  պռոթուրքական եւ հայկական հետքը վերացնող գրականություն է վաճառվում, տարածվում,  ու դա նոր չէ. քիչ-քիչ իրենց  գործը առաջ են տանում,  ինչը մի օր ոմանց համար դառնում է սովորական բան:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀԵՏՈ ԶԱՆԳԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Հետաքրքիր է, որ այդ զրույցից հետո եղել է նաեւ մեկ այլ հեռախոսազրույց՝ Էրդողան-Պուտին ձեւաչափով: Ստացվում է՝ ՀՀ վարչապետի հետ զրուցելուց հետո Թուրքիայի նախագահը միանգամից զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հետաքրքիր է, որ ՌԴ եւ Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրություններում չի նշվում, թե ով է եղել նախաձեռնողը, սակայն, ամեն դեպքում, հետաքրքիր է, որ նրանք զրուցել են Հայաստանի վարչապետի հետ զրույցից հետո:

 

Նշենք՝ Փաշինյան-Էրդողան զրույցից հետո երկու կողմերն էլ միանման հայտարարություն են տարածել, ինչը, օրինակ, չի լինում Փաշինյան-Պուտին զրույցից հետո: Տարածված հաղորդագրություններում ասվում էր. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարեւորությունը, ինչը կնպաստի նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին՝ իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն»: Իսկ, ահա, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո Կրեմլն այսպիսի հայտարարություն է տարածել. «Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:  Առաջիկայում նախատեսված ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպման նախօրեին առաջնորդները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցության հետագա աշխուժացման խնդիրներին՝ ներառյալ դրա իրավական դաշտի բարելավման, առեւտրի ծավալների ավելացման եւ բնակավայրերում ազգային արժույթների օգտագործման, ինչպես նաեւ ռուսական էներգառեսուրսների անխափան մատակարարումների շարունակմանն ուղղված միջոցառումները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում սերտ համագործակցության մասին երկկողմ միջկառավարական հանձնաժողովի համանախագահների եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարության մակարդակով։ Շարունակվել է մտքերի փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, այդ թվում՝ Սեւ ծովում նավարկության անվտանգության ապահովման եւ համաշխարհային շուկաներ հացահատիկի արտահանմանն ուղղված ջանքերի համակարգման համատեքստում։ Սիրիական կարգավորման թեման քննարկելիս ընդգծվել է Աստանայի գործընթացի շրջանակներում եռակողմ՝ իրանցի գործընկերների մասնակցությամբ համատեղ աշխատանքի կարեւորությունը։ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ ողջ թուրք ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

4 ԱՆԳԱՄ ԳՈՐԾՈՒՂՎԵԼ Է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը կառավարության՝ ամենաշատը գործուղման մեկնած անդամներից է: Միայն մայիս ամսվա մեջ նախարարը չորս անգամ եղել է արտերկրում: Նախ՝ մայիսի 1-ից 3-ը նա Վրաստան է գործուղվել նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հետ: Այնտեղ նրանք մասնակցել են հայ-վրացական իրավական համագործակցության չորրորդ ֆորումին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանք հանդիպել են նաեւ Վրաստանի վարչապետին եւ քննարկում ունեցել: Հաշվետվության մեջ տեղեկություններ են միայն քննարկումների մասին, այլ առարկայական ձեռքբերումների մասին տեղեկություններ չկան: Մայիսի  18-ից 19-ը նա եղել է Բելգիայում, 23-ից 25-ը՝ Բելառուսում, ապա 25-27-ը՝ Լիտվայի Հանրապետություններում: Օրինակ՝ Բելգիայում նա մասնակցել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստին: Բելառուսում նա հանդիպել է այդ երկրի նախարարին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ, ահա, Լիտվայում էլ հանդիպումներ է ունեցել այդ երկրի պաշտոնյաների հետ:

 

 

ԱԳՆ-Ն  ՎՃԱՐԵԼ Է ԽՈՇՈՐ ԳՈՒՄԱՐ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը արծաթյա վզնոցներ է գնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հիմնականում գնել է 925 հարգի արծաթյա զարդեր՝ տարբեր դիզայնով: Օրինակ՝ «Մեղրի» դիզայնով արծաթյա 2 կախազարդ է գնվել, որոնց համար պետական միջոցներից ԱԳՆ-ն վճարել է 90 հազար դրամ: Բացի այս, ԱԳՆ-ն գնել է նաեւ արծաթյա այլ վզնոցներ՝ «ԽաչԽորան», «Պազիրիկ», «Գոհար», «Մարաշ», «Գայանե», «Լոռի» դիզայնով զարդեր: Այսինքն՝ մեկ արծաթյա զարդի համար ԱԳՆ-ն վճարել է 45000 դրամ: Ընդհանուր արծաթյա 20 զարդերի համար պետական կառույցը ծախսել է 900 հազար դրամ: ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ նախարարությունն արծաթյա վզնոցները ձեռք է բերել ԱՁ Յակոբ Մոմճեանից: Թե ում համար են գնվել զարդերը, գնման վերաբերյալ պայմանագրում նշված չէ:

 

 




Լրահոս