Armenian text to speach

Նեթանյահուն հայտարարում է՝ Իսրայելը նպատակ ունի Գազայում վերահսկողությունը հասցնել 70 տոկոսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ներկայումս ուժեղացնում է իր վերահսկողությունը Գազայի հատվածում՝ ընդգծելով, որ գործողությունները շարունակվում են Համասի դեմ։

«Այս պահին մենք սեղմում ենք Համասի շուրջ օղակը»,– ասել է նա հինգշաբթի օրը Հորդանանյան հովտի համաժողովի ժամանակ՝ օկուպացված Արևմտյան ափում։ «Այս պահին մենք Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսում ենք։ Գիտե՞ք դա։ Մենք եղել ենք 50 տոկոսի վրա, հիմա հասել ենք 60 տոկոսի»։

Նեթանյահուն նշել է, որ նպատակ ունի Իսրայելի վերահսկողությունը տարածել մինչև 70 տոկոս՝ հավելելով, որ երկիրը «բոլոր ուղղություններից ավելի է սեղմում Համասի օղակը»։

«Մենք կզբաղվենք մնացորդներով, բայց ամենակարևորը մեր ուժը շարունակաբար օգտագործելն է և այն ավելացնելը»,– նշել է նա։

Համաժողովը տեղի է ունեցել Գազայի պատերազմին, Իրանի, «Հեզբոլլահի» և տարածաշրջանային ռազմավարության շուրջ ավելի լայն քննարկումների շրջանակում։

Մինչ այդ, Գազա քաղաքում հինգշաբթի օրը տեղի են ունեցել 10 զոհերի հուղարկավորություններ, որոնք սպանվել էին իսրայելական հարվածների հետևանքով։ Զոհերի թվում եղել են հինգ երեխա, մեկ տարեց մարդ և մեկ Համասի զինյալ։ Տեղական աղբյուրների տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 20 մարդ։

Գազայի «Շիֆա» հիվանդանոցը հայտնել է, որ հարվածների ընթացքում մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է շենքի վերին հարկից կրակ ու ծուխ դուրս գալիս, իսկ մարդիկ վիրավորներին, այդ թվում՝ երեխաներին, տեղափոխում են շտապօգնության մեքենաներ։

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածները ուղղված են եղել Համասի երկու զինյալների դեմ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Գազայի հյուսիսում իրականացված հարվածի հետևանքով սպանվել է Համասի ռազմական թևի նոր նշանակված ղեկավար Մոհամեդ Օդեհը։

Անի Վարդանյան




Լրահոս