Արարատ Միրզոյանը և Լեհաստանի փոխվարչապետը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 19-ին հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ Յացեկ Սաշինի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 30 տարիների ընթացքում միջպետական հարաբերությունների զարգացումն ու առկա դինամիկան։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեհաստանը Հայաստանի կարևոր եվրոպական գործընկերներից է։

Արարատ Միրզոյանը և Յացեկ Սաշինը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել՝ ուղղված առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացմանը, ներդրումային հնարավորությունների ստեղծմանը և գործարար շրջանակաների միջև կապերի ակտիվացմանը:

Նախարար Միրզոյանը նշել է, որ 2018թ.-ից ի վեր Հայաստանի կառավարությունը անհաշտ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ինչը լավ հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար։

Կողմերը կարևորել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում կապիտալի շուկայում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցության համար։

Ընդգծվել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության դերը` որպես արդյունավետ հարթակ, համատեղ ծրագրերի քննարկման և գործնական քայլերի նախանշման համար։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև գործարար պատվիրակությունների փոխայցելությունները և համաժողովների անցկացումը։

Հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։




Լրահոս