ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական գերատեսչությունները դուրս են մնացել խոշոր հարկատուների ցանկից. ովքեր են առաջատարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ցանկից դուրս են մնացել ՀՀ պետական գերատեսչությունները: Օրինակ, այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է եղել, իսկ երկրորդ եռամսյակում այն բացակայում է: Մինչդեռ պետական այս կառույցն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում գլխավորել է հազար խոշոր հարկատուների ցանկի 3-րդ տեղը: Բայց պարզվում է, որ երկրորդ եռամսյակում այն ցանկից դուրս է մնացել:

ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ ցանկում մնացել է ՀՀ կենտրոնական բանկը, որը հայտնվելով 129-րդ տեղում, պետական բյուջե կատարել է 911 մլն 891 հազար դրամի չափով հարկ ու տուրք:

Այն ժամանակ, երբ պետական գերատեսչությունները հայտնվեցին հարկատուների ցանկում, պետական եկամուռտների կոմիտեն շտապեց հայտարարել, որ պետական հատվածի մարմինների հայտնվելը խոշոր հարկատուների ցանկում պայմանավորված է բացառապես վճարումների հաշվարկման նոր մեթոդաբանությամբ։ Այսինքն նոր մեթոդաբանության համաձայն՝ հրապարակվող ցանկերում ներառվել էին նաև պետական հատվածի հարկ վճարողները։

Բայց ավելի ուշ, ՊԵԿ-ն առաջարկել էր ՀՀ կառավարությանը 1000 խոշոր հարկատուների ցանկից հանել պետական և համայնքային կառավարչական հիմնարկները։ Ըստ ՊԵԿ-ի՝ այս կառույցներն իրականում ոչ թե բյուջետային մուտքեր են ապահովում, այլ բյուջեից ստացած ֆինանսավորման մի մասը` հարկերի տեսքով, նորից վերադարձնում են բյուջե։ Ստացվում է, որ կառավարությունն ընդունել է ՊԵԿ–ի առաջարկը եւ խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել միայն տնտեսվարողներն ու հարկ վճարողները։

Իսկ ընդհանուր առմամբ նկատենք, որ հարկատուների ցանկի առաջատարը խոշոր հանքարդյունահանող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որի 15 տոկոս բաժնետերն, ի դեպ կառավարությունն է: Այս ընկերության հարկային վճարումները կազմել են 104 մլրդ 777 մլն 628 հազար դրամ: Ցանկի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 33 մլրդ 58 մլն 796 հազար դրամ հարկ ու տուրքով:

«Գազպրոմ Արմենիա»-ին հաջորդում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառռքով զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 20 մլրդ 16 մլն 185 հազար դրամ: Իսկ հազար խոշոր հարկատուների ցանկի 4-րդ տեղում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ վճարած 10 մլրդ 803 մլն դրամ հարկ ու տուրքով: Այս ընկերությանը հաջորդյում է հանքարդյունաբերությամբ զբաղվող ՙԹեղուտ՚ ընկերությունը, որի կողմից կատարվել է 8 մլրդ 903 մլն 200 հազար դրամ: Ի դեպ, ՙԹեղուտ՚ ընկերությունը չշահագործվելու պատճառով հազար խոշոր հարկատուների ցանկից դուրս էր եկել, հետո հայտնվեց:

Մեր երկրի հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների հնգյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում: Մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների մեծամասնությունը կամ ծխախոտ արտադրող է, կամ ծխախոտ եւ բենզին ներկրող, կամ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կամ էլ ծառայություններ մատուցող: Բայց արի ու տես, որ Փաշինյանի՝ դեռեւս 2018-ին խոստացած բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, մրցունակ ու ներառական տնտեսությունից հեռու ենք:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս