Ողջ համերգին զգում էի նրա ներկայությունը. Ալլա Լևոնյանը՝ Արթուր Գրիգորյանին նվիրված համերգի ապրումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայ արտիստների մասնակցությամբ կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգը: Մեծ կոմպոզիտորին նվիրված համերգը համախմբել էր Երգի պետական թատրոնի ներկա եւ հին սերունդին՝ թանկ եւ ջերմ հուշերի ներքո: Եվ պատահական չէր, որ համերգը կրում էր «Երեկ, այսօր, հավերժ․․․» խորագիրը:

Համերգին ձեռնամուխ են եղել կազմակերպել են դուստրը՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանը,  ռեժիսոր Արթուր Մանուկյանը, Տիգրան Վիրաբյանը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբը, որոնք բոլորին համախմբեցին եւ կյանքի կոչեցին  Գրիգորիչին նվիրված հուշ-երեկոն:

Երգի պետական թատրոնի առաջին փայլուն սերունդի ներկայացուցիչ ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Ալեւոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում կիսվել է իր տպավորությունների մասին եւասաց, որ ողջ համերգի ընթացքում զգացել է Արթուր Գրիգորիչը  ներկայությունը:

«Մեր մեջ մեծ ցավ կա, որ Գրիգորիչը ֆիզիկապես ներկա չէ, բայց նաեւ հասկանում ենք, որ իր ներկայությունը կա եւ դա տարիներ ի վեր մեզ հետ տանելու ենք, որովհետեւ այն երգերը որ նա է գրել, այն աշխատանք,ը որ արվել է,  անգնահատելի է: Նա այն տեսակն էր, որ իրենից հետո ապրեցնում է իր թողած գործը: Հիշում եմ, երբ պատրաստվում էինք ինչ-որ մի երկրում համերգի, սկսած ծրագրից, երգերի հերթականությունից, լույսից, ձայնից, բեմական պահվածքից ամեն բան քննարկում էինք նրա հետ, եւ դա մնացել է մեզ եւ սովորել ենք իր հետ շփման արդյունքում: Կոնկրետ իմ դեպքում նա շատ չէր միջամտում, ասում էր, դու ոնց զգում ես այնպես էլ արա, քո մոտ շատ բնական է ստացվում»,-հուզված նշում է երգչուհին:

Ալլա Լեւոնյանի խոսքով՝ Արթուր Գրիգորիչը շարունակում է ապրել իրենց հուշերում եւ մտքերում.« Հիմա մենք ինչ-որ անում ենք, նա ներկա է, ուր էլ գնում ենք համերգի, ներկա է: Ես զգում եմ նրա ներկայությունը, ինչ թեմայի շուրջ որ խոսում ենք անպայման իրեն մեջ ենք բերում, դա նշանակում է, որ նա ներկա է, մեզ հետ է: Համերգին բոլորս շատ հուզված էինք, բայց նաեւ ուրախ, ժպիտով հիշողությունների գիրկն էինք ընկել: Չեմ կարող նկարագրե,լ թե զգացողությունների ինչ տեղատարափ էր մեզ մոտ: Ընկերներիս ասում էի՝ վերջին մի քանի տարում առիթ չէր եղել, որ բոլորս հավաքվեինք նույն բեմում: Նա միշտ ասում էր՝ Դուք պետք է լինեք համախմբված, եւ այդպես էլ եղավ, նա այնպես արեց, որ մենք կրկին միասին լինենք, երգի թատրոնի բոլոր սերունդներով»:

Ալլա Լեւոնյանի կարծիքով Արթուր Գրիգորիչը վառ անհատականություն էր, ում թողած  ժառանգությունը դեռ շատ երկար տարիներ կկրթի մեր ապագա երաժշտասերներին:

«Նա  շատ մեծ ներդրում ունի հայկական երգավեստի էստրադային ժանրի ձեւավորման գործում: Միայն նրա շնորհիվ է, որ այսօր շատ երգիչ երգչուհիներ երգարվեստում իրենց ուրույն տեղն ունեն: Նա իսկապես ճաշակ էր թելադրում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս