196 ՔՐԳՈՐԾ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003թ.) համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 196 քրեական գործ, որոնցից՝

 

2-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 2-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 2-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու, 37-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 7-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 4-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առեւանգելու, 2-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 3-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 2-ը՝ 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարության, 6-ը՝ 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 1-ը՝ 140-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, 11-ը՝ 141-րդ հոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 17-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 1-ը՝ 144-րդ հոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 2-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 12-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը՝ 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 3-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 10-ը՝ 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, իսկ 60-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

196 քրեական գործից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ եւ 31 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 49 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 30-ը` արդարացնող, իսկ 19-ը` ոչ արդարացնող հիմքով, 29 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը՝ հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 24-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, 1-ը` այլ հիմքով: 6 քրեական գործ ուղարկվել է՝ ըստ ենթակայության, 7-ը` միացվել է, 76 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս:

Վերը նշված քրեական գործերով 92 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 7-ը եղել են 14-16 տարեկան, 7-ը՝ 16-18 տարեկան, 34-ը՝ 18-35 տարեկան, 44-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 6-ն ունեցել է բարձրագույն, 76-ը՝ միջնակարգ, 5-ը՝ միջին մասնագիտական, 5-ը՝ տարրական կրթություն: 2 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված:

Ըստ կարգավիճակի` 92 մեղադրյալից 37-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 1-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից:

Նշված 196 քրեական գործով 194 անձ ճանաչվել է որպես տուժող, որից 98-ը՝ մինչեւ 12 տարեկան, 42-ը՝ 12-14 տարեկան, 35-ը՝ 14-16 տարեկան, 19-ը՝ 16-18 տարեկան:

 

 

 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ

Ավանում՝ բուսաբանական այգու մոտ, որտեղ նաեւ բնակելի շենքեր կան, պղնձաձուլարան կկառուցվի: Կառավարությունում, ասում են, «դաբրոն» ստացվել է: Դեռ անցած տարվանից սկիզբ առած՝ Ավանի բնակիչներն ընդվզում էին, սակայն անօգուտ: Երեկ նաեւ լսումներ էին հրավիրված այդ հարցով: Հայտ ներկայացրած ընկերությունը  «Քոփփեռ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարի անունը գաղտնի է պահվում, եւ շատ քիչ տեղեկություններ են առկա:

 

Այս ամենը երկար նախապատմություն ունի:  Նշենք, որ ձուլարան կառուցելու՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման առաջին փուլը նախատեված է եղել դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին, սակայն Շրջակա միջավայրի նախարարությունն իր հերթին բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Ըստ փորձաքննության եզրակացության` փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից, գնահատման հաշվետվությունում չի ներկայացվել ածխածնի օքսիդի եւ ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները: Եզրակացությամբ արձանագրվել է, որ սեպտեմբերի 16-ին Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում իրականացվել է հանրային քննարկում, որտեղ մեծ թվով բնակիչներ արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նախատեսված գործունեության վերաբերյալ:

Ամիսներ անց՝ երեկ, նորից քննարկում եղավ, որին, ինչպես նախկինում, Ավան վարչական շրջանի բնակիչները հրավիրված չեն եղել, սակայն դեմ են այդ հանգամանքին:

Հավելենք, որ նախագծվող ձուլման տեղամասից 600 մ հեռավորության վրա գտնվում է Երեւանի աղի հանքը, դեղագործական գործարանը:

Նախագծով նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից տարեկան ստանալ 1800 տ պղնձի, ալյումինի եւ դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր եւ ձուլուկներ: Ընկերությունը նաեւ նախատեսում է կազմակերպել բանեցված կապարե կուտակիչների պահեստ: Բանեցված կապարե կուտակիչները պատկանում են վտանգավորության 3-րդ դասին: Ըստ կուտակման՝ դրանք վաճառվելու են հանրապետությունից դուրս կամ ՀՀ տարածքում մասնագիտացված ձեռնարկություններին հետագա վերամշակման համար:

Ն.Հ.

 

 

 

ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ 

Նոյեմբերյան խոշորացված համայնքի՝ Դեբեդի հովտի այգիներում ուշահաս դեղձը հասունացել է։ Դեբեդի հովտի այգետերերի համար մեծ խնդիր են այգիներում մեծ քանակությամբ  բազմացած դաշտամկները։ Դաշտամկներից  առաջ այգեգործների համար խնդիր  էին  մորեխները եւ  պտղակեր թռչունները։ Դաշտամկները հողի մեջ բներ, փոսեր են փորել, այգիները ոռոգելու  ժամանակ Դեբեդի  ջրով  հողի այդ ճեղքերը հնարավոր չէ լցնել։ Պտղաբույծները դժգոհում են, որ դաշտամկներին ոչնչացնող, դրանցով  սնվող օձեր ու ոզնիներ այգիներում  չկան,  դաշտամկների դեմ քիմիական նյութերով պայքարն անօգուտ է, մկներն  այդ թունաքիմիկատներին դիմագրավում են՝ իրենց  ծնելու հաճախականությունը մեծացնելով, մեծ թվով ճտեր  ունենալով։ Դաշտամկները նաեւ այգիների պտուղներով են սնվում։ Այգեգործների համար խնդիր է նաեւ ոռոգման ջրի պակասը։ Դեբեդ գետից սնուցվող  ոռոգման հին, մաշված  համակարգը չի արդիականացվում, ինչի հետեւանքով այդ համակարգը գետից ավելի քիչ քանակի  ոռոգման ջուր է մատակարարում այգիներին։ Ամռան տապին այգիներին  ոռոգման ջուր տրվում է ամիսը մեկ անգամ, ինչն անբավարար է։ Գյուղացիները երկար են սպասում, որ Դեբեդի  ջրով  իրենց այգիների ոռոգման հերթը գա։ Նրանք նաեւ դժգոհում են այն բանից, որ «Տավուշ» ՋՕԸ-ն այգեգործների համար  հաշվարկվում է ավելի մեծ քանակի ջուր, քան իրականում տրվում է։ Դեբեդի հովտի այգեգործների համար խնդիր է անհայտ հիվանդություններից դեղձի այգիների չորանալը։ Դրա պատճառը կարող է լինել Լոռու մարզում գործող հանքարդյունաբերական ձեռնարկություններից Դեբեդ նետվող արտանետումները։ Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայից, Թեղուտի  բազմամետաղ հանքավայրից, Արմանիսի ոսկու հանքավայրից Դեբեդ են լցվում թունավոր թափոններ, որոնցից  երբեմն Դեբեդի մակերեւույթն ամբողջությամբ  սպիտակում է։ Այդ ծանր մետաղները  գետից  ոռոգման ջրի միջոցով փոխանցվում են  ծառերին, հասունացող պտղին։ Դեբեդի հովտի դեղձի  մեջ ծանր մետաղների թույլատրելի քանակը բազմիցս անգամ խախտված է։ Նոյեմբերյան խոշորացված համայնքի այգեգործները դժոհգում են նաեւ, որ իրենց աճեցրած բերքը դժվարությամբ է իրացվում։ Նախկինում մեծ բեռնատարներով գալիս, պտուղը գնում եւ  առաքում էին Ռուսաստան, այժմ այգեգործները ամբողջ օրը նստում են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին՝ իրենց կողքին դնելով դեղձով լի դույլերը։ Միջպետական ավտոճանապարհով երթեւեկողների մեջ շատ չեն միրգ  գնողները։ Իրենց այգիների  բերքը ճանապարհի եզրին վաճառող կանայք խոստովանում են, որ երբեմն   ամբողջ օրվա ընթացքում չեն կարողանում իրացնել մի քանի դույլ բերքը  եւ այն  երեկոյան  տուն են տանում, չիրացված, արդեն փչացող միրգը նետում են տակառները տնական օղի թորելու համար։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս