ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազաբալոնների փորձարկման կայաններում իսկական քաոս է․ հերթերը ձգվում են մինչև 2024 թվական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ գազաբալոնային համակարգի լիցենզավորված կայաններում մեծ հերթեր են:

Տեղեկացնենք, որ երեկվանից, ըստ օրենքի պահանջի՝ մեքենայի գազաբալոնները չեն լիցքավորվելու, եթե տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից:
Վարորդները երեկվանից ճնշակայաններում ժամերով հերթ են կանգնում, որպեսզի իրենց մեքենայի բալոնը փորձաքննության ենթարկելու համար հերթագրեն: Դրանից հետո կայանը համապատասխան թուղթ է տալիս, որ մինչեւ փորձաքննությունը վարորդը հնարավորություն ունենա գազալցակայանում սպասարկվել: Ի դեպ, հերթագրվելու ժամկետը այսօրվա դրությամբ անցնում է 2023 թվականի փետրվար ամիսը:

«Էքսպերտ Թեչ» գազաբալոնների փորձարկման, վկայագրման եւ տեղադրման լիցենզավորված ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ հերթերից հնարավոր էր խուսափել դեռեւս մի քանի ամիս առաջ:

«Խուսափել հնարավոր էր մի երկու-երեք ամիս առաջ, երբ որ մենք հերթագրման մեխանիզմն ասացինք, իրենք ասեցին, որ օրենքով նախատեսված չէ եւ չենք անում: Հերթագրման մեխանիզմ մտածվեց հինգ վեց օր առաջ»,- ասաց Մկրտիչ Տիգրանյանը: Մասնագետը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկվանից գազալցակայաններում անհասկանալի վիճակ է: Արձանագրվել են դեպքեր, երբ գազալցկայանում չեն լցավորել անգամ փորձաքնություն անցած բալոնը:

«Կան գազալցակայաններ, երեւի 90-95 տոկոսը, որ չունեն համապատասխան տեխնիկա… պետք է ունենան համակարգիչ, ինտերնետային կապ, պետք է համապատասխան դիմում-հայտ ներկայացնեն նախարարություն, որպեսզի ստանան գաղտնաբառ, որից հետո կարողանան մտնել բազա: Դրա համար ժամանակ է պետք»,- նկատեց մասնագետը:

Սակայն գազալցակայաններն այսօր միացված չեն թվային համակարգին: Մինչդեռ այս համակարգի միջոցով լցակայանների աշխատակիցները հնարավորություն կունենան գազաբալոնների վկայագրումը ստուգել: Մեր զրուցակցի խոսքով, ճիշտ կլինի, որպեսզի առաջիկա օրերին պատկան մարմինները գազալցակայաններին վարչական պատասխանատվության չենթարկեն՝ մինչեւ ստեղծված խառնաշփոթը վերանա: Բայց սրան զուգահեռ, նկատենք, որ խառնաշփոթ ստեղծած գերատեսչությունում՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում, լուռ են:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս