Շատ հետաքրքիր աշխատանք ենք պատրաստում. Սյուզի Մելիքյանը՝ նոր երգի և սպասվող անակնկալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական դադարից հետո երգչուհի Սյուզի Մելիքյանը նոր երգ է ներկայացրել։ «Ты мой» երգը ռուսալեզու է։ ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին իր պասիվության վերաբերյալ ասաց, որ դադարներն օրինաչափ են, ըստ նրա՝ ցանկացած լռության դեպքում ինքը լցվում է նոր գաղափարներով, որոնց իրականցման վրա էլ աշխատում է։

Սյուզիի խոսքով՝ այն, որ երգը ռուսալեզու է, հատուկ գործոնով չէ պայմանավորված, պարզապես այդպես է ստացվել։ Երգչուհին նշում է, որ ռուսալեզու ևս մեկ երգ է պատրաստում։

Ի դեպ, «Ты мой» երգի հեղինակները հայեր են, ովքեր Հայաստանում չեն բնակվում, իսկ մյուս ռուսալեզու երգի շրջանակներում Սյուզի Մելիքյանը համագործակցել է ռուս հեղինակների հետ։
«Աշխատում եմ շատ հեղինակավոր դեմքերի հետ, ովքեր էլ իրենց հերթին ռուսական շոու բիզնեսի մի շարք հայտնի արտիստների համար են երգեր գրում։ Շատ հետաքրքիր աշխատանք ենք պատրաստում, մնացածի մասին ավելի ուշ կխոսեմ։ Կարծում եմ՝ անակնկալ կլինի»։

Սյուզիի խոսքով՝ թեպետ պասիվ էր վերջին շրջանում, սակայն ինքը հիմա փորձում է կրկին ակտիվանալ երգարվեստում։
«Շատ նոր մտքեր ունեմ, որոնց իրականացման վրա շատ եմ աշխատում։ Կարծում եմ, որ շուտով շատ հետաքրքիր նորություններով եմ հանդես գալու»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս