«ՓԱՇԻՆՅԱՆԸ 50 ԱՆԳԱՄ ԷԼ ԶԻՋԵԼՈՒ Է» Գ. ՀԱՄԲԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 31-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Բրյուսելում հանդիպումը։ Փակ դռների ետեւում մոտ չորս ժամ տեւած հանդիպման ավարտից հետո՝ եռակողմ հանդիպման ժամանակ, քննարկվել են գերիների ազատ արձակման եւ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման, սահմանազատման եւ սահմանային անվտանգության, տարածաշրջանային ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր:

 

Տարածված տեղեկությունների համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործնախարարների մակարդակով շարունակել «առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ», եւ որ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն մեկ ամսվա ընթացքում:

Եռակողմ հանդիպման թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

-Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը երեկ հերթական հանդիպումն են անցկացրել: Հայանպաստ որեւէ դիրքորոշում տեսնո՞ւմ եք տարածված հաղորդագրության մեջ։

-Ես բազմիցս եմ նշել եւ փաստացի ապացուցել եմ, որ հայանպաստ որոշում չի կարող ընդունվել Ալիեւ-«Նիկոլ Անհող»  հանդիպման ժամանակ: Խնդիրը նախեւառաջ այն է, որ կապիտուլյանտ Նիկոլը ներկայացնում է պարտված իշխանություն, եւ պարտությունը կրել է հենց ինքը: Ալիեւի դեմ ծնկած  հողատու Նիկոլը  չի կարող հավասարը հավասարին  բանակցել պաշտոնական Բաքվի որեւէ ներկայացուցչի հետ, էլ չեմ ասում՝ Իլհամ Ալիեւի հետ: Նա ադրբեջանցիների մոտ ընկալվում է որպես պարտված ղեկավար, ու աշխարհում չի եղել դեպք, որ պարտված ղեկավարը կարողանա հավասարը հավասարին բանակցել։ Նոյեմբերի 9-ից հետո ասել եմ սրա մասին, ու սա նաեւ հետագա գործընթացները ապացուցեցին ու շարունակում են ապացուցել։ Նիկոլ Փաշինյանն է՛լ ավելի մեծ արհավիրքներ է բերելու Հայաստանի Հանրապետության գլխին, ու նա ոչ մի պարագայում  չի հրաժարվելու իշխանությունից եւ այն պահելու համար նորանոր զիջումերի է գնալու։ Այս ամենից օգտվում են բոլորը՝ ե՛ւ մեր թշնամիները, ե՛ւ մեր «բարեկամները»՝ Ռուսաստանը, Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք, այս պահին աշխարհում տեղի ունեցող բարդ գործընթացներով պայմանավորված, փորձում են իրենց դիրքերն է՛լ ավելի ամրապնդել: Եվ այս բոլոր երկրների համար ընդունելի են այն բոլոր զիջումները, որ անում է Նիկոլը։ Եվ դա այն պատճառով, որ, Ուկրաինային զուգահեռ, երկրորդ ճակատ չբացվի:

-Սա երկու երկրների ղեկավարների 5-րդ հանդիպումն է: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ են տվել այդ հանդիպումները:

-Եթե անգամ 50 անգամ էլ հանդիպեն, ապա Նիկոլ Փաշինյանը 50 անգամ էլ զիջելու է։ Այստեղ խնդիրը այն է, որ նա զիջումների գնացել ու շարունակում է գնալ բանավոր համաձայնությունների եւ բացահայտ շանտաժների միջոցով: Նիկոլ Փաշինյանը կարող է իր պողպատյա մանդատը  օգտագործել ընդդիմադիրներին ճնշելով, ֆեյքաբուծարան պահելով, ընդդիմադիրներին  վարկաբեկելով, հպարտանալով, որ ինքը ժողովրդի վարչապետն է, բայց, ցավոք, չի կարող այն միջազգային հարթակներում բանակցությունների ժամանակ ու հատկապես Ալիեւի հետ խոսելիս կիրառել։ Այս իրավիճակից միակ ելքն իշխանության գոնե ինչ-որ չափով փոփոխությունը, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն է:

-Ի՞նչ նոր «անակնկալներ» սպասել երկու երկրների ղեկավարների՝ առաջիկայում կազմակերպվելիք հանդիպումներից:

-Անակնկալները միշտ են լինելու, հիմա գալու է բանավոր փուլի պայմանավորվածությունների ժամանակահատվածը։ Նիկոլ Փաշինյանը,  չի բացառվում, որ համաձայնելու է ադրբեջանցիներին տալ Տիգրանաշենն ու այլ տարածքներ։ Չի բացառվում նաեւ, որ բանավոր համաձայնությունների հետեւանքով ադրբեջանցիները մուտք գործեն Հայաստան եւ տեղակայվեն մեր տարածքներում։ Կարծում եմ՝ մենք ավելի մեծ կորուտներ ենք ունենալու, ցավոք՝ այս անգամ գուցե պետականության կորուստ: Եվ քանի դեռ Նիկոլը կա, պետք չէ լավ բաների ակնկալիք ունենալ։ Միշտ կորուստներ ենք ունենալու՝ տարածքային, բարոյական, արտաքին քաղաքականության մեջ։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱՄՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օգոստոսի 25-ին թվիթերյան իր էջում հայտնել է, որ դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է կովկասյան բանակցությունների հարցերով խորհրդականի եւ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում: Վերջինս 2019-2021 թվականներին եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյում պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար: Ստացվում է՝ մեր տարածաշրջանով զբաղվող գլխավոր դիվանագետներից է եղել Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունում:

 

Ռիքերը Մինսկի խմբի առաջին ամերիկացի համանախագահն է, որը ներկայացնելու է Միացյալ Նահանգները նաեւ Վրաստանի հակամարտությունների շուրջ Ժնեւի միջազգային քննարկումներում: 2021 թվականի հունիսի 12-ին Ռիքերի միջնորդությամբ տեղի էր ունեցել 15 հայ գերու փոխանակում Աղդամի շրջանի ականապատման քարտեզների դիմաց:

Ֆիլիպ Ռիքերի նշանակումը Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում արժանացավ տարօրինակ արձագանքի Բաքվի կողմից: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան թվիթերյան իր էջում գրառում է արել՝ քննադատելով Ռիքերի նշանակումը: Աբդուլաեւան, մասնավորապես, նշել է, որ գրեթե չգործող Մինսկի խումբը «վերակենդանացնելու փորձերը» կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման: Նա հավելել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղն էլ Ադրբեջանի անքակտելի մասն է:

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիքմեթ Հաջիեւը եւս քննադատությամբ է հանդես եկել:

Օգոստոսի 27-ին ելույթ ունենալով Շուշի քաղաքում կազմակերպված հերթական համաժողովում՝ Հաջիեւը նշել է, որ 30 տարվա անգործությունից հետո ինչ-որ մեկին Մինսկի խմբի համանախագահ նշանակելը ամոթալի քայլ է: Նա հավելել է. «Բայց կա երկու երկիր, որոնք չեն մասնակցում այս միջոցառմանը. դրանք են ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ Նրանց բացակայության պատճառը հասկանալ չենք կարող… Հետագայում նրանց այլեւս չենք հրավիրի… Նրանց բացակայությունը, Մինսկի խմբի վերականգնման եւ վերակենդանացման մասին հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ առաքելություն են իրականացրել 30-ամյա բանակցային գործընթացի շրջանակներում»:

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԳԵԼՈՂ ՆԱԽԱԳԻԾ

Երեկ խորհրդարանում տեղի էր ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը կազմակերպել էր  քննարկում՝ հրավառություններն արգելող նախագծի շուրջ։ Նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ավինյանը պարզաբանեց, որ օրենքի ընդունմամբ այդ բիզնեսը ոչ թե վերանալու է, այլ կանոնակարգվելու ու վերահսկվելու, հրավառություններն էլ թույլատրվելու են միայն կոնկրետ միջոցառումների ժամանակ։

«Այդտեղ շատ կոնկրետ դետալներ կան, որ պետք է քննարկել, մասնավորապես` հրավառության որ տեսակներն են թույլատրելի, որոնք` չէ։ Որովհետեւ կան տեսակներ, որոնք իրոք անձայն են, ավտանգ են»,- ասաց նա։ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց «Սուրմալու» առեւտրի կենտրոն այցելելուց հետո իր հասցեին հնչող քննադատությունները։

«Այո՛, դա քարոզարշավ անելու տեղ չէր։ Եվ բացարձակապես նման ցանկություն եւ միտում չկար այդ ամենի մեջ»,- ասաց Ավինյանը` հարցի քաղաքականացման մեջ մեղադրելով որոշ լրատվամիջոցների։

 

 

 

ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն էր: Ու երբ Քոչարյանը կալանավայրում էր, ավանդաբար այդ օրը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորում էր նրան ծննդյան առիթով: ArmLur.am-ը կապ հաստատեց երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանի հետ՝ պարզելու՝ արդյոք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան առթիվ: Ի պատասխան՝ Միկոյանն ասաց. «Այո, այս տարի եւս նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»:

Այս փաստը ուշագրավ է այնքանով, որ նախորդ տարի, որ հետընտրական էր Հայաստանում, եւ Քոչարյանին չհաջողվեց իշխանության գալ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր շնորհավորել, ասել է թե՝ մոռացել էր Քոչարյանի ծննդյան առիթը արժեւորել: Այս անտարբերությունը քաղաքական հեռուն գնացող վերլուծությունների առիթ էր դարձել: Անգամ խոսվեց, թե Քոչարյանն այլեւս չի վայելում Մոսկվայի վստահությունը: Սակայն այս տարի ավանդույթը վերականգնվել է մեր ռազմավարական միակ դաշնակից պետության ղեկավարի կողմից, եւ շնորհավորական ուղերձը Մոսկվայից Երեւան է հասել: Ի՞նչ է նշանակում այս քայլը՝ ընկերական ժե՞ստ, թե՞ քաղաքական ակնարկ: Թերեւս ժամանակը ցույց կտա:

 

 

 




Լրահոս