«Իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է». համաշխարհային հայերը կոչով դիմել են միջազգային կառույցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պատերազմական իրավիճակով պայմանավորված իրենց մտահոգությունն են հայտնել  եւ միջազգային կառույցներին կոչով դիմել  աշխարհահռչակ հայեր:

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի միջոցով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային:

«Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում  ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար»,-ասվում է գրառման մեջ:

Ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանի եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյան կրտսերը իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում արված հրապարակմամբ անդրադարձել է ՀՀ սահմանին առկա իրավիճակին:

«Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջն ու երեխաներին և գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու ձեր կնոջ ու երեխաների հետ վազում որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին և ընկերներին: Թողնում եք ամենը ինչ ստեղծել եք և ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի եւ ձեր կյանքը:Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք ԱՄՆ-ում: Պատկերացրեք, որ այս ամենը պիպտի անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որեւէ մեկի օգնության: Ցավոք Հայաստանում պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա իրականություն է եւ միակ նախազգուշացումը հրթիռներն էին, որոնք ընկել են մարդկանց բակերում: Աղոթե՛ք Հայաստանի համար»:

Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանին սկսած պատերազմին։

«Այն զգացողությունները, որոնք ունեի 2020-ին, վերադառնում են։ Արթնանալով վախենում էի վերցնել հեռախոսս ու տեսնել, թե ինչ է կատարվում․․․ Չեմ ցանկանում կրկին հայտնվել այդ խավարի մեջ։ Մեզանից ոչ ոք չի ցանկանում։ Դրա մասին միտքն անգամ ֆիզիկական ցավ է պատճառում։ Ինձ միայն հետաքրքիր է՝ արդյոք մարդիկ ակտիվ կլինե՞ն, կբարձրացնե՞ն իրենց ձայնը, ինչպես անում էին վերջին միջազգային պատմությունների դեպքում։ Կխոսե՞ն, արդյոք, դրա մասին, կմտահոգվե՞ն, կկիսվե՞ն, կտարածե՞ն, կամ, գոնե, մի հեշթեգ կօգտագործե՞ն այդ թեմայով, թե՞ մենք կրկին միայնակ ենք մնալու։ Իրավիճակը Հայաստանում շատ լուրջ է»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս