ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ իշխանությունները վախենում են նվազող վարկանիշից. Զատուլինը՝ Հայաստան այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ, որը վերջին օրերին Հայաստանում էր: Պետդումայի պատգամավորը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 16-18-ը։ Զատուլինը մեզ հետ զրույցում նկատում է՝  Արևմուտքը խաղում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, նրա գլխավոր նպատակը Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանից դուրս մղելն է, և այդ հարցում նորանոր հաջողությունների է հասնում։

Նշենք, որ Հայաստանյան այցի ընթացքում Պետդումայի պատգամավորը ծանոթացել է անցած շաբաթվա սկզբին Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների բռնկմանը հաջորդած իրավիճակին։ Նա այցելել է գնդակոծության ենթարկված Ջերմուկ քաղաք։

-Պարոն Զատուլին, խնդրում եմ ասել՝ Հայաստան այցի ընթացքում որտեղ եք եղել, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել:

-Ես շատ բաներ եմ տեսել Հայաստանում: Ես եղել եմ Երեւանում, այցելել եմ Ջերմուկ, որի մասին նաեւ գրառում եմ կատարել: Հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Հանդիպում եմ ունեցել նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մասնակցել եմ նաեւ Ապարանում կազմակերպված միջոցառման:

-Դուք նշեցիք, որ այցելել եք նաեւ Ջերմուկ, որն անցած շաբաթվա սկզբին տուժել էր Ադրբեջանի գործողությունների հետեւանքով: Ի՞նչ իրավիճակի եք ականատես եղել:

-Հայաստանում իրավիճակը իսկապես բավական չափով լարված է, քանի որ մարտական գործողությունների բռնկումն ու Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի սահմաններում առաջխաղացումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Կրակոցների հետեւանքով նաեւ կորուստների թիվն է մեծ, ինչը եւս մտահոգիչ է:

-Սեպտեմբերի 13-ին սկսված գործողություններից հետո ՌԴ-ից, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ից չհնչեցին հստակ հայտարարություններ եւ աջակցություն Հայաստանին, ինչեւ նաեւ հակառուսական տրամադրություններ է առաջացրել: Ի՞նչ կասեք այս մասով, ինչու՞ պարտավորությունները չեն կատարվում:

-ՀԱՊԿ-ի շուրջ իսկապես քննադատությունը բավական մեծ է: Ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարությունն ամեն կերպ փորձում է հիմա ցուցադրել իր ցանկությունը դեպի Արևմուտքի կողմը դիրքավորվելու մասով եւ բարձաձայն էլ ասում էին այդ մասին: Ես Հայաստանում էի այն ժամանակ, երբ այստեղ էր նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, գիտեմ, թե ինչպիսի ընդունելության է նա արժանացել եւ հատուկ կերպով: Ես գիտեմ, որ այդպիսի ընդունելության շատ քիչ մարդիկ են արժանանում: Հայտարարություններ հնչեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից եւ հենց քննադատություն էր առկա ՀԱՊԿ-ի առնչությամբ եւ պաշտպանություն ԱՄՆ-ին: Այս բոլոր հայտարարությունները պետք է հստակ վերլուծվեն, այդ թվում՝ նաեւ մեր կողմից: Հայաստանի կառավարությունը փորձում է Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու շնորհիվ դաշնակից ձեռք բերել, եւ Արևմուտքը, իր կողմից բոլոր ձեւերով փորձում է ՌԴ-ին հեռացնել տարածաշրջանից, դրա վկայությունը նաեւ բրյուսելյան բազմաթիվ հանդիպումներն են, որտեղ ՌԴ-ն չի մասնակցում: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն հավատում է Արևմուտքից հնարավոր օգնությանը: Սակայն նկատենք, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները ու այնպիսի տպավորություն է, որ դրանից գոհ ու շնորհակալ են միայն Ղարաբաղի հայերը: Կարծես Հայաստանը բոլոր հետևանքներն ու պարտավորությունները թողել է միայն ՌԴ-ի վրա, իսկ իշխանություններն էլ վախենում են իրենց օրեցօր նվազող վարկանիշի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս