Պատգամավորներ, որոնք փորձեցին դառնալ համայնքապետ, բայց ձախողեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ալավերդի համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ավելի քիչ ձայն է հավաքել, քան օրինակ «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Ձայների առավելությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունն է առաջին տեղում՝ 6791 ձայնով, (48.6 %), երկրորդում՝ իշխանական ՔՊ-ն՝ 6557 ձայնով (47%), երրոդում Հայ Ազգային կոնգրեսն է, որ ստացել է 340 քվե (2.3%), Դաշնակցության քվեների թիվը 316 է (2%):

Նշենք, որ այստեղ ՔՊ-ի թեկնածուն ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն է, Ապրելու երկրինը Ախթալա խոշորացված համայնքի գործող համայնքապետ Արկադի Թամազյանը, ՀՅԴ-ինը՝ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը, ՀԱԿ-ինը՝ հաշվապահական գրասենյակի ղեկավար Նորայր Գեւորգյանը: Այսինքն, այս պահի դրությամբ ամեն դեպքում ստացվում է, որ Արեն Մկրտչյանը, լինելով իշխող թիմի թեկնածուն, քիչ ձայն է հավաքել եւ պարտվել է:

Նկատենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող խմբակցության պատգամավորը փորձել է դառնալ համայնքի ղեկավար եւ ձախողվել է: Նրանցից է նաեւ Դավիթ Դանիելյանը: Վերջինս 2021 թվականին պարտություն կրեց Կապանում. այստեղ հաղթանակ տարավ «Շանթ» դաշինքը, որի թեկնածուն Գեւորգ Փարսյանն էր:

2021 թվականին ՏԻՄ ընտրություններում պարտվեց նաեւ Նարեկ Գրիգորյանը: Նա առաջադրվել էր Գավառում համայնքի ղեկավարի ընտրությունների համար, սակայն պարտվել էր գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանին:

Ն.Հ.




Լրահոս