ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԵԿԵԼ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է ադրբեջանական հարձակման ժամանակ հայ զինծառայողների բացառիկ խիզախության մի քանի դրվագներ: 2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի հարձակման ժամանակ N մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տարոն Մհերի Գալոյանը, ճշգրիտ ուղղորդելով հրետանու կրակը, կասեցրել է թշնամու առաջխաղացումը, կրակային աջակցություն ցուցաբերել հարեւան դիրքերին: Մարտական դիրքի անձնակազմը պարբերաբար ճշգրիտ նշանացուցում է տվել հրաձգային գումարտակի ականանետային մարտկոցին թշնամու առաջխաղացումը կասեցնելու նպատակով, որի արդյունքում հետ են շպրտել հարձակվող գրոհային խմբերը՝ պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստներ:

 

Մարտական դիրքի անձնակազմը հմուտ ու վստահ գործողություններով ոչնչացրել է հակառակորդի զինամթերքի պաշարները, իսկ  պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Հովհաննես Ռոբերտի Հարությունյանը «ԿՈՐԴ» տեսակի գնդացրով դիպուկ կրակով  ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժն ու ամբողջությամբ այրել թշնամու հենակետը:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների նախահարձակ գործողությունների ընթացքում N զորամասի դիվիզիոնի Դ-30 հրետանային մարտկոցը, կապիտան Արկադի Իշխանի Բարսեղյանի հրամանատարությամբ, զբաղեցրել է կրակային դիրքեր, անցել մարտական խնդրի կատարմանը եւ հակառակորդի կրակը վերցնելով իր վրա՝ ապահովել է  մյուս ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրից անվտանգ դուրսբերումը դեպի կիրառման շրջաններ, տեղաշարժն ու բացազատումը:

Ռազմական գործողությունների ընթացքում հրետանային մարտկոցը դիպուկ կրակով բազմիցս կասեցրել է թշնամու գրոհային խմբերի եւ ռազմական տեխնիկայի առաջխաղացումը, ճնշել հրետանու կրակային դիրքերը՝ հասցնելով մեծաթիվ կորուստներ:

2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, հակառակորդը մեծաթիվ ուժերով շրջափակման մեջ է վերցրել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկը եւ անձնակազմից պահանջել  վայր դնել զենքերը ու հանձնվել: Դասակի հենակետի պատասխանատու, լեյտենանտ Գեւորգ Կարենի Հարությունյանն ու դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրայր Ապրեսի Ներկարարյանը, գնահատելով իրավիճակն ու չենթարկվելով թշնամու պարտադրանքին, խելամիտ եւ հմուտ գործողություններով հակառակորդին մոլորեցրել են եւ դուրս եկել շրջափակումից:

2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում՝ տանկային եւ հրետանային ուժգին գնդակոծությունից հետո, թշնամին պաշտպանության գոտու N մարտական դիրքի աջ եւ ձախ ուղղություններով գրոհ է ձեռնարկել:

Գնահատելով իրավիճակը՝ մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիեւի հրամանատարությամբ անձնակազմը խելամտորեն իրականացնում է խուսավարում եւ զուգահեռաբար վերադաս հրամանատարությանն է փոխանցում նրանց կոորդինատները, ինչի արդյունքում մեր հրետանին դիպուկ համազարկերով ոչնչացնում է թշնամուն:

 

 

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Կառավարությունն իր սեպտեմբերի 29-ի նիստում հաստատեց Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2023 թվականի տարեկան ծրագիրը:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համալիր ծրագրի միջոցառումները, որոնք շարունակական բնույթ ունեն, ներառվում են տարեկան ծրագրում՝ կազմելով դրա մի մասը:

Համալիր միջոցառումների սահմանման սկզբունքներն են՝

  1. Սեւանա լիճը եւ նրա ջրհավաք ավազանը, ըստ տարածքի գործառնական բնույթի, որպես մեկ ամբողջական համակարգ դիտարկելը,
  2. Սեւանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) եւ լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը,
  3. կենսաբազմազանության պահպանության գերակայությունը,
  4. Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի տարածքներում էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ տեխնոլոգիաների, այդ թվում` կենսատեխնոլոգիաների պարտադիր կիրառումը,
  5. կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի մշակումը եւ դրանց բնապահպանական պետական, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ փորձաքննության պարտադիր ապահովումը,
  6. բնօգտագործման ավանդական ձեւերի խրախուսումը եւ աջակցումը:

Հաշվի առնելով վերջին շրջանում Սեւանա լճի էկոհամակարգի վիճակի վերաբերյալ անհանգստացնող հարցերի կարեւորությունը, դրանց ուսումնասիրման, պատճառների հայտնաբերման եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացման հրատապությունը՝ առանձնացվել են մի շարք միջոցառումներ՝ միտված լճի որակական եւ քանակական հիմնախնդիրների կարգավորմանը։

Ծրագրում ներառվել են ավելի քան 20 միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն եւ կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի մաքրում, ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժում,  կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում եւ կառուցում, ռեկրեացիայի արդյունավետ զարգացում, «Սեւան» ազգային պարկի կառավարման համակարգի կատարելագործում, տարածքային զարգացման սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակում եւ իրականացում եւ այլն:

Խիստ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Սեւանա լճի մասին օրենսդրությունը, իրականացնելու գործող օրենսդրության, ներկա իրավիճակի վերլուծություն եւ գնահատում, գիտական հիմնավորումների եւ վերլուծությունների թարմացում, կլիմայի փոփոխության նկատմամբ էկոհամակարգի խոցելիության վերլուծություն եւ գնահատում, բացասական սցենարների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների եւ առաջարկությունների ներկայացում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԿՈՉ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՑ

2021թ. փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Դիլիջան խոշորացված համայնքի ղեկավար նշանակված, իր անձնական գործերում իր սեռը «արու» գրած, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար Դավիթ Սարգսյանի ղեկավարած Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում սեպտեմբերի 27-ին նյութ է զետեղվել՝ «Սեպտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակի օրն է» վերնագրով։ Այնտեղ բավական վիճահարույց եւ սխալ մտքեր կան, օրինակ՝ «Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք, բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնում էին ռազմաճակատ՝ 44 օր շարունակ կենաց ու մահու կռիվ տալով՝ հայրենի հողը պաշտպանելու համար»։ 44 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը զորահավաք չհայտարարեց, Արցախում մարտնչող բանակը չհամալրվեց, եւ դա պատերազմում մեր պարտության պատճառներից մեկն էր։ Այդ նյութի վերջում նշված է. «Իհարկե, այսօր բարդ ժամանակներում ենք ապրում, սակայն, սիրելի՛ հայրենակիցներ, պետք է գիտակցենք մեր միասնական ուժի ծավալը եւ պայքարենք միայն թշնամու դեմ»: Թշնամի ասելով՝ երեւի նկատի ունեն Նիկոլ Փաշինյանի կողմից կիրթ ու կառուցողական որակված Իլհամ Ալիեւի ղեկավարած Ադրբեջանը, որին Նիկոլ Փաշինյանը թշնամի չի համարում։ Ըստ Դիլիջանի համայնքապետարանի՝ պետք չէ պայքարել Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար, իշխանության կամականությունների, օրենքի խախտումների դեմ, այլ միայն թշնամու դեմ։

 

 

 

ԽՂՃՈՒԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ

Կառավարությունն իր  սեպտեմբերի 29-ի նիտում հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ եւ, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր: Կառավարության այս որոշումը էական ազդեցություն չի ունենալու։ Տավուշի մարզի բնակավայրերի  մեծ խանութներում աշխատողներ կան, ովքեր օրական աշխատում են 10-12 ժամ, նույնիսկ ՝շաբաթ օրերը, սակայն վարձատրվում են 50-60 հազար դրամի չափով։ Նրանց մի մասը որպես աշխատողներ ձեւակերպված չեն, նրանց համար գործատուն  պետական բյուջե սոցիալական վճար չի մուծում։ Տավուշի մարզի փոքր դպրոցներում ուսուցիչներ են աշխատում, որոնք, դրույքից պակաս դասաժամ ունենալով, ստանում են մոտ 60 հազար դրամ աշխատավարձ, ինչն ավելի քիչ է, քան նույն դպրոցի հավաքարարի ռոճիկը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս