Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է Սի Ծինպինը: Նա կղեկավարի երկիրը ևս 5 տարի:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Պեկինի Ժողովրդական ժողովների պալատում ավարտված համագումարի հաջորդ օրը` հոկտեմբերի 23-ին, կայացել է Կենտրոնական կոմիտեի նոր կազմի առաջին պլենումը, որի արդյունքում Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվել է Սի Ծինպինը: Կենտրոնական կոմիտեի Քաղաքական բյուրոյի անդամներ են ընտրվել 7-ը` Սի Ծինպին, Լի Ցյան, Չժաո Լեցզի, Վան Հունին, Լի Սի, Ցայ Ցի և Դին Սյուեցյան:
Չին և օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սի Ծինպինը իր խոսքում շեշտեց, որ կշարունակեն աշխատանքը մյուս երկրների ժողովուրդների հետ` պահպանելով համամարդկային արժեքները:
«Մենք կաշխատենք բոլոր մյուս երկրների ժողովուրդների հետ՝ պաշտպանելու համար մարդկության այնպիսի ընդհանուր արժեքները, ինչպիսիք են խաղաղությունը, զարգացումը, ազնվությունը, արդարադատությունը, ժողովրդավարությունը և ազատությունը: Չինաստանի զարգացումն անբաժան է աշխարհից, իսկ աշխարհն իր զարգացման համար նույնպես ՉԺՀ-ի կարիք ունի»,-ասաց նա:
Կոմկուսի գլխավոր քարտուղարի խոսքով` արդիականացված սոցիալիստական պետության համակողմանի կառուցումը համապատասխանում է չին ժողովրդի շահերին ու ձգտումներին:
Սի Ծինպինը ծնվել է 1953 թվականին: Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը միացել է 1969 թվականին: Սի Ծինպինը ներկայումս Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն է, ՉԿԿ-ի Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահը և Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահը: