Հոկտեմբերի 28-31-ը Հայաստանում կայանալիք «Համաշխարհային հայկական գագաթաժողովի» համար նախատեսված է հատկացնել 308 մլն 904 հազար դրամ: Ընդ որում, գագաթաժողովի կազմակերպումը վերապահված է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին, որը, ըստ մամուլի, փոխկապակցված է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ:
Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ գագաթաժողովի բացումը նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 28-ին, որի համար անհրաժեշտություն են համարել տարածքի վարձակալություն, կահավորում, տեխնիկական ապահովում եւ սպասարկում, դիմավորման ծառայություններ, ինչպես նաեւ դիմավորողների հագուստ, դիմահարդարում եւ վարսահարդարում: Պայմանագրում նշվում է, թե բացումը վարելու է պրոֆեսիոնալ հաղորդավար:
Ըստ պայմանագրի, գագաթնաժողովի անցկացման համար անհրաժեշտ է.
- ճարտարապետական լուսավորության համար լուսատու սարքեր՝ առնվազն 30 հատ,
- լույսերի կառավարման վահանակ՝ թվով 2 հատ,
- Ձայնային համակարգ նախատեսված համերգային ծրագրի համար, ինչպես նաեւ հաղորդավարների եւ բանախոսների ելույթների համար, առնվազն 30 KV ձայնային համակարգ տարբեր տեղերում տեղադրելու համար: Բեմահարթակ մոդուլներով՝ առնվազն 100 քմ:
Գագաթբաժողովի աշխատանքային նիստերը եւ փակումը տեղի են ունենալու «Մերիդիան» էքսպո կենտրոնում, որտեղ մատուցվելու են հետեւյալ ծառայությունները՝
- հիմնական դահլիճի պատրաստում (700 անձի համար), անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ,
- Երկու փոքր դահլիճների պատրաստում (յուրաքանչյուրը 200 անձի համար)՝ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ,
- նախամուտքի, այդ թվում ընդունելության համար գրանցումների տարածքների ձևավորում եւ կահավորում,
- տարածքի ներքին բրենդավորում, այդ թվում՝ կահավորում,
- տարածքի արտաքին բրենդավորում,
- լրագրողների համար տարածքների պատրաստում,
- B2B տարածք:
Գագաթաժողովի համար որպես գույք վարձակալվելու է.
- սպիտակ բազկաթող՝ 14 հատ,
- բազմոց՝ 22 հատ,
- 1100 հատ փափուկ աթոռ,
- 30 հատ պուֆեր,
- սպիտակ կամ սև 20 հատ բազմոց,
- 10 հատ փոքր սեղան,
- 12 հատ փոքր սեղան:
Գագաթնաժողովի բացմանը եւ փակմանը կազմակերպվելու են 700 անձի համար հյուրասիրություններ (ձկան տեսականի, տաք սնունդ, մսային եւ բուսական կանապեներ, հյութեր, միրգ, թխվածք)՝ յուրաքանչյուր օրը 600 անձի համար: Աշխատանքային երեք օրերին տրամադրվելու է սուրճի ընդմիջում՝ յուրաքնաչյուր օրը 600 անձի համար: Իսկ սպասարկող անձնակազմին եւ կամավորներին տրամադրվելու են լանչ բոքսեր՝ 570 հատ:
Բացի այդ, «Զվարթնոց» օդանավակայանում կազմակերպվելու է մինչեւ 50 անձի դիմավորում եւ ճանապարհում, տրամադրվելու է նաեւ ներկայացուցչական դասի 5 մեքենա: Օրական անվտանգությունը ապահովելու է վեց աշխատակից:
Ինչպես նշեցինք, «Ֆակտորի փրոդաքշն»-ն է զբաղվում կազմակերպչական հարցերով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանն ու Ռուդիկ Տեր-Գալստյանն են, բայց ընկերության ստեղծման, ինչպես նաև այժմյան գործունեության մասով ակտիվ դերակատարում ունի Երևանի նախկին փոխքաղաքապետ, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պորդյուսեր Տիգրան Վիրաբյանը: Վերջերս «շա՜տ պատահականորեն» պետական նշանակության կարևորագույն ու «յուղոտ» բոլոր միջոցառումները միշտ նույն՝ Հանրային ՀԸ-ի գլխավոր պրոդյուսերի հետ կապվող ընկերությունն է հաղթում:
Օրինակի համար նշենք, որ 2019-ի Ամանորին հենց «Ֆակտորի»-ն է 24 միլիոն դրամով վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնածառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: 2018-ին էլ «Ֆատկորի»-ին է վստահվել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, 2019-ին «Ֆակտորի փրոդաքշն»-ն է կազմակերպել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները, նաեւ Երեւանում կայացած Բռնցքամարտի առաջնությունը: Եվ այստեղ, ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, «բա կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում»»։
Ն.Հ.