ՖՈՏՈ. Հայտվել էինք մի կղզում, որտեղ ոչ մեկ չէր եղել. Սոս Կարապետյանը՝ Հավայան կղզիների արկածների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հեռուստադիտողը հնարավորություն ունի դիտելու «Սոսի Լոսը» հումորային նախագծի չորրորդ եթերաշրջանը: ArmLur.am-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր, դերասան Սոս Կարապետյանը պատմել է նկարահանման ընթացքի, նախագծի ստեղծման եւ Հավայան կղզիների արկածների մասին:

Մեր զրուցակցի խոսքով՝ նախագծի նկարահանուները տեղի են ունեցել Հավայան կղզիներում. «Անկեղծ կլինեմ, երբ ընկերներիս ասում էի, որ ցանկություն ունեմ այս եթերաշրջանը նկարահանելու Հավայան կղզիներում, ինձ բոլորն միաբերան ասում էին, որ հնարավոր չէ եւ ավելորդ գլխացավանք է, բայց իհարկե դա ինձ ետ չպահեց, եւ էլ ավելի ուժ տվեց այն իրականացնելու: Անկեղծ կլինեմ այս պրոյեկտը կյանքի կոչելը մի մեծ խնդիր եւ նպատակ էր ինձ համար, քանի որ Հավայան կղզիներում նկարահանում անելը դա շատերի համար երազանքի պես բան է, անգամ ռուսներին մինչ այսօր չի հաջողվել այնտեղ նկարահանումներ անել: Այսպիսով, երբ ամեն բան հստակեցվեց, սկսեցի թիմ հավաքել, առաջիննը խոսեցի նախագծի սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Անուշ Պետրոսյանի հետ եւ միասին սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Թիմը ձեւավորվելուց հետո 15 օրով մեկնեցինք Հավայան կղզիներ, ու այդ 15 օրում պետք է հասցնեինք նկարահանումներն անել, այն էլ այն պայմաններում, երբ նախապես ոչ մի բան պլանավորված եւ որոշված չէր, այսինքը տեղը, վայրը եւ այլն: Առաջին անգամ հայտնվեցինք մի կղզում, որտեղ ոչ մեկ երբեք չէր գտնվել»:

Սոս Կարապետյանի փոխանցմամբ՝ նկարահանումներն անցել են շատ արկածային, շատ հետաքրքիր, դժվարին հաղթահարվող փորձություններով, բայց շատ երջանիկ:

«Ինձ համար առաջինը բարդ էր այնքանով, որ մեր 10 հոգանոց թիմից անգլերեն գիտեր միայն մոդել, դերասանուհի Արենա Զեյնալյանը, եւ նա էր մեզ օգնում հաղորդակցվելու հարցում: Նախագծում նկարահանվել են նաեւ տեղի բնակիչները եւ այլ ազգի ներկայացուցիչներ: Ամեն մի օրը անցել ենք մի բարդ փորձության միջով: Նկարահնումներ ենք ունեցել նաեւ Մաու կղզում, մի հեքիաթային վայրում, որտեղից պետք է ստանայինք անմարդաբնակ կղզու տեսարաններ, սակայն այնտեղ հասնելու համար մեզանից պահանջվեց մի քանի ժամ քայլել եւ ջրի միջով անցկացնել նկարահանման ողջ տեխնիկան: Շատ վայրեր են եղել, որտեղ չեն թույլատրել անցկացնել նկարահանումներ, սակայն երկար պայքարից եւ ջանքերից հետո մեզ հաջողվել է»,-հավելեց Սոսը:

Սոս Կարապետյանի փոխանցմամբ՝ նախագիծը աննախադեպ է, քանի որ այն իրականացնելու համար պահանջվել է բավականին մեծ բյուջե, ծախսվել են մեծ գումարներ. «Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել  բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցել են, եւ ներողություն խնդրել Հայաստանում ապրող մեր հայրենակիցներից, մեր որդեկորույս մայրերից, քանի որ դժվարին ժամանակներ են մեր երկրի համար, բայց կարծում եմ՝ այն շատերին դուր կգա եւ մի փոքր մարդկանց կկտրի իրականությունից: Ի դեպ, այն ցուցադրվելու է շաբաթական երկու անգամ, եւ նախատեսվում է մինչեւ Ամանորն ավարտել նախագիծը»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս