ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Տիգրան Սահակյանի գործը որոշվել է տեղափոխվել Հակակոռուպցիոն դատարան։
Ըստ նախաքննական մարմնի՝ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեության եղանակով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս, ինչպես նաև քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացրել է կեղծ ապացույցներ: Ի դեպ վերջինիս հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 4 անձ: Այս գործով նախաքնությունը ավարտվել է, եւ գործը 2020 թվականին ուղարկվել է դատարան եւ երկու տարի քննություն էր իրակամացվում եւ հիմա որոշվել է այն ուղարկել Նոր ստեղծված Հակակոռուպցիոն դատարան:
Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Տիգրան Սահակյանը, խնդրանքով դիմել է դատարանին:
Տիգրան Սահակյանը դատավոր Հարություն Մանուկյանին հայտնել է, որ իր գույքը շուրջ տասն ամիս է՝ գտնվում կալանքի տակ և ինքը, զրկված լինելով այն օգտագործելու հնարավորությունից, միաժամանակ կատարում է այդ գույքի պահպանման համար անհրաժեշտ կոմունալ վճարումները, ինչպես նաև վճարում է գույքահարկ: Ավելին, Սահակյանը հայտնել է, որ ինքն այժմ չի աշխատում, ինչպես նաև չի կարողանում մեկնել արտասահման, ուստի այդ գույքի պահպանման անհրաժեշտությունից ելնելով՝ խնդրել է թույլատրել այն հանձնել վարձակալության:
Դատախազը, առարկելով գույքի վրա դրված կալանքը վերացնելու դեմ, նշեց, որ նախաքննության ընթացքում՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը մեղադրյալի գույքի վրա կալանք դնելը իրավաչափ է և օրինական:
Ինչեւէ, դատավոր Մանուկյանը, լսելով կողմերին, որոշում է կայացրել եւ մասնակի բավարարել է Գալուստ Սահակյանի որդու խնդրանքը:
Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ՝ դատավոր Հարություն Մանուկյանը որոշել է թույլատրել Տիգրան Գալուստի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հանձնել վարձակալական հիմունքներով, իսկ կալանքը վերացնելու մասով միջնորդության քննությունը հետաձգել և դրան անդրադառնալ վերջնական դատական ակտով:
Քնար Մանուկյան