Այն բանից հետո, երբ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ խորհրդարանում պաշտոն զբաղեցնող անդամները հրաժարական են ներկայացրել ու հրաժարվել զբաղեցրած պաշտոններից, դրանք մինչև օրս թափուր են մնացել:
Այսպես՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հետո ԱԺ փոխնախագահի, Արմեն Գևորգյանի ու Վահե Հակոբյանի, համապատասխանաբար՝ տնտեսական հարցերի և տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների, ինչպես նաև՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը լքելուց հետո վերոնշյալ բոլոր պաշտոններում առ այսօր որևէ մեկը չի պաշտոնավարում:
ArmLur.am-ն Ազգային ժողովի տեղեկատվության վարչությանը հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե վերոնշյալ պաշտոններն ինչո՞ւ են մինչև օրս թափուր ու ինչքա՞ն են դեռ այդպես մնալու: Ի պատասխան մեր հարցման՝ ԱԺ-ից պատասխանել էին, որ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն 138-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով որոշված խմբակցությունները՝ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: «Թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչև Ազգային ժողովի լիազորությունների ավարտը (138-րդ հոդված 2-րդ մաս): Սակայն, եթե խմբակցությունը Կանոնակարգով սահմանված կարգով և ժամկետում մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի՝ իրեն վերապահված թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է 138-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը (138-րդ հոդվածի 12-րդ մաս):
Հարցմամբ նշված հանձնաժողովի նախագահների թափուր պաշտոններում իրավասու խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել»,- ասված էր պատասխանի մեջ:
ԱԺ փոխնախագահի պաշտոնը թափուր մնալու համար էլ պատասխան էին, որ ԱԺ նախագահի տեղակալների ընտրության կարգը սահմանված է Կանոնակարգի 137-րդ հոդվածով:
«Ազգային ժողովի կազմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածուներն առաջադրվում են՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը թափուր է 2022 թվականի հուլիսի 1-ից (ԱԺՈ-43-Ա): Ազգային ժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնում խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել»,- մանրամասնել էին ԱԺ տեղեկատվության վարչությունից:
Ինչ է ստացվում՝ եթե հանձնաժողովների նախագահների կամ փոխնախագահի թափուր պաշտոնը կարող էր և ԱԺ մեծամասնության՝ «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության կողմից լրացվել (եթե ընդդիմությունն 10-օրյա ժամկետում թեկնածու չի առաջադրում, ապա դա ԱԺ մեծամասնությունը կարող է անել), ապա ԱԺ նախագահի տեղակալի դեպքում դեպքում դա պարզապես անհնար է. 3 տեղեկալներից մեկի քվոտան բացառապես ընդդիմությանն ն է պատկանում: Փաստն այն է, որ առ այսօր ԱԺ երկու հանձնաժողովներ նախագահ չունեն, խորհրդարանի ընդիմադիր փոխխոսնակի աթոռն էլ շարունակում է դատարկ մնա:
Սևակ Վարդումյան