Հանցագործությունների բացահայտման նոր տարբերակ՝ հարկատուների հաշվին. որ տարածքներում պետք է պարտադիր տեսախցիկներ լինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանությունը երկրում կատարվող հանցագործությունների բացահայտման նոր տարբերակ է մշակել, իհարկե՝ տնտեսվարողների հաշվին։ Այսինքն ՀՀ-ում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում և լիցենզավորվող գործունեություն իրականացնող, իրենց տարածքներում պետք է տեղադրեն տեսանկարահանող համակարգեր, իսկ ոստիկանությունն օնլայն հետեւելու է։ Ավելին, պարզվում է, որ որոշման մասին այս նախագիծը ոստիկանությունը մշակել է ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միասին։

Օրինակ, վարկային կազմակերպության և դրա մասնաճյուղերի մուտքը և շինության բոլոր կողմերը դրսից պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:

Իսկ տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենք առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի դուռը, երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի դուռը, եթե տվյալ տարածքը առանձին շենք է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկում՝ ներառելով մուտքի դուռը:
Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսաձայնագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:

Նշենք, որ բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կամ բանկի տարածքային ստորաբաժանման մուտքը և շինության բոլոր կողմերը նույնպես պետք է դրսից ապահովված լինեն տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով։

Փաստորեն տիեզերք արձակված առաջին արհեստական արբանյակն էլ դեռ արդյունքներ չի տալիս։ Չէ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում օգտագործվելու են սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման ոլորտում։ Բայց ոստիկանությունը հույսը դրել է տնտեսվարող սուբյեկտների վրա։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս