Սերժ Սարգսյանը բացահայտեց իրականությունը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 150. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասել էր, թե այն ուժերը, որոնք 1998 թվականին իշխանությունից հեռացրին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին փուլային տարբերակով Ղարաբաղի հարցի լուծման գնալու մտադրության համար, 20 տարի անց հանգել են նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ, Փաշինյանի ձեւակերպմամբ, «հիպերփուլային» լուծման տարբերակ։ «Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, հանգել է նորից փուլային լուծման, այսինքն՝ 98-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2018-ի հիպերփուլային տարբերակին», – նշել էր նա:

Բացի այդ, ըստ նրա՝ այժմ նախկին իշխանությունները բանակցային չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ, եւ Սերժ Սարգսյանն անկեղծ էր, երբ ասում էր, որ Հայաստանը պատրաստ էր զիջել 7 շրջանները։ Այդ նույն օրը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին անդրադարձավ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ստախոսության համար: «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի եւ մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է եւ փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս»,- հայտարարել է նախկին նախագահը՝ պնդելով, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչեւ հիմա չի հասկացել փուլային եւ փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան», – շեշտել էր Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով: Սա միակ դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է արցախյան հարցի բանակցային թեման եւ մշտապես մեղադրում նախկիններին դրանք տապալելու կամ ձախողելու համար:




Լրահոս