«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել. նրա պաշտոնավարումը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պաշտոնեական անփութության արդյունքում երեք տասնյակից ավելի ծառերի ապօրինի հատման հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարը, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի տարածքի և ապրանքանյութական արժեքների պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես նույն կազմակերպության տեսուչին հանձնելու նպատակով իր հրամանով ստեղծել է հանձնաժողով և հրամանի կատարման հսկողությունը վերապահել է իրեն։ Նա հաստատել է հանձնում-ընդունումը, որի ընթացքում, սակայն, նշված մասնաճյուղի պահաբաժիններից մեկի անտառապահի պարտականությունները կատարողի անաշխատունակության վիճակում գտնվելու պայմաններում, վերջինիս պարտականությունների կատարումն այլ անձի չի հանձնարարել։ Արդյունքում պահաբաժինն օրեր շարունակ մնացել է առանց հսկողության:

Այնուհետև տնօրենի պաշտոնակատարը համապատասխան հրամանով հիշյալ պահաբաժնի պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես մեկ այլ անտառապահին հանձնելու կապակցությամբ հրամանով ստեղծել է հանձնաժողով, սահմանել հանձնման-ընդունման ժամանակահատված, հրամանի կատարման հսկողությունը վերապահել է իրեն, սակայն չի ապահովել հրամանի մասին պատշաճ ծանուցում նշված անտառապահին, հանձնում-ընդունում չի կատարվել և վերոհիշյալ պահաբաժինը շարունակել է մնալ առանց հսկողության:

Այդ պայմաններում, 2021թ. դեկտեմբերից մինչև 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում, «Հաղարծին-տեղամաս» մասնաճյուղի առանց պահպանության մնացած նշված պահաբաժնից ապօրինի հատվել է 32 հատ տարբեր տեսակի թաց, կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 2.217.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման դադարեցումը։

Միջոցներ են ձեռնարկվում՝ ապօրինի ծառահատումներ կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս