Սարուխանում օծվեց եւ բացվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի, օծվեց եւ բացվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, Գավառ համայնքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք, եկեղեցու կառուցման հովանավոր, բարերար Արայիկ Ավետիսյանը, Երեւանում կամ արտերկրում ապրող սարուխանցիներ, հյուրեր։

Օծման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի Սարուխանի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանն ընթերցեց Ամենայն Հայոց Հայրապետ Ն․Ս․Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդի կոնդակը, որով Վեհափառ Հայրապետն իր շնորհավորական ուղերձն էր հղում Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմին, մարզային իշխանություններին ու ժողովրդին եւ «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի էր արժանացնում եկեղեցու կառուցման հովանավոր եւ բարերար Արայիկ Ավետիսյանին։

«Սիրելի սարուխանցիներ, դուք այսօր հարստացաք նոր հոգեւոր ու մշակութային արժեքով՝ շնորհիվ այս հողի արժանավոր զավակ Արայիկ Ավետիսյանի աստվածահաճո բարերարության, նրա նվիրական ձեռնարկի։ Սուրբ Մարիամ Աստվածածինը, փաստորեն, դառնում է Սարուխանում երկրորդ գործող եկեղեցին՝ Սուրբ Գեւորգ եկեղեցուց հետո, իսկ մեր տիրախնամ թեմի ներքո այն դառնում է 34-րդ նորանորոգ ու գործող եկեղեցին։ Սուրբ Աստվածածնի բացման եւ օծման օրը պատահականորեն չի ընտրված, քանի որ այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է։ Ինչպես որ այսօր այս սուրբ տաճարը լի է մարդկանցով, այնպես էլ թող մեր աշխարհը լցվի բազմությամբ, խաղաղ ու ստեղծարար աշխատանքով, մեր բոլոր տաճարները՝ աստվածաառաք աղոթքով։ Բոլորիս շնորհավորում եմ այս պատմական ու տոնական օրվա, այս հոյակերտ, շքեղ ճարտարապետությամբ վեր խոյացող եկեղեցու բացման եւ օծման առիթով։ Միաժամանակ, իմ երախտիքի խոսքերն եմ հղում նորակառույց եկեղեցու ճարտարապետին եւ շինարարներին», -խոսք հնչեցրեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ միաժամանակ բարերարին հանձնելով «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը։

Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը հովանավորելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեց Արայիկ Ավետիսյանը։ Շնորհակալագիրը բարերարին հանձնեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Օծման արարողության ավարտից հետո միջոցառման մասնակիցներին գրական-երաժշտական կատարումներով ողջունեցին Սարուխան գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները։ Այնուհետ միջոցառման մասնակիցներին բաժանվեց Սուրբ Մատաղ։

Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականին, Գեղարքունյաց թեմի այն ժամանակվա առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ։ Եկեղեցու ճարտարապետն է արդեն երջանկահիշատակ Ստեփան Նալբանդյանը, քանդակագործը՝ Գեւորգ Մնացականյանը։

Եկեղեցու շինարար Անդրանիկ Չիչոյանի ներկայացմամբ՝ Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ եւ քառանավ տուֆակերտ շինություն է՝ 28 մետր բարձրությամբ եւ 212,5 քառակուսի մետր մակերեսով, արտաքին շքեղ քանդակներով։




Լրահոս