Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է ընդգրկված մնալ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 605-րդ հորիզոնականը։
Համեմատության համար՝ 2025 թվականի արդյունքներով Եկեղեցին նույն ցանկում զբաղեցրել էր 517-րդ տեղը։
ՊԵԿ տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցին պետական բյուջե է վճարել շուրջ 702 մլն 200 հազար դրամ հարկ, իսկ 2026 թվականի միայն առաջին կիսամյակում՝ շուրջ 343 մլն 400 հազար դրամ։
Միևնույն ժամանակ, ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանում գրանցված ավելի քան 70 կրոնական կազմակերպություններից որևէ մեկը (ո՛չ Եհովայի վկաներ,ո՛չ Կյանքի խոսք, ո՛չ 50-ականներ, ո՛չ Ռեմա, ո՛չ Նոր սերուն և ավելի քան 7 տասնյակի հասնող կրոնական կառույցներ) չի ընդգրկվել 1000 խոշոր հարկատուների ցանկում։
Նկատենք, որ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպությունները կարող են դիմել հավատացյալներին կամավոր դրամական և այլ նվիրատվությունների խնդրանքով, ինչպես նաև ստանալ և տնօրինել դրանք։
Նույն հոդվածով սահմանվում է, որ կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, ինչպես նաև քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն։
Այս տվյալների համադրությունը հատկապես ուշագրավ է նաև Եկեղեցի–պետություն հարաբերությունների ներկայիս լարվածության ֆոնին, երբ հասարակական և քաղաքական դաշտում քննարկվում են Եկեղեցու ֆինանսական գործունեության, գույքի, եկամուտների և պետության նկատմամբ հարկային պարտավորությունների հարցերը, երբեմն էլ պնդում, թե Եկեղեցին հրաժարվում է հարկ վճարելուց։
Նանիկ Աղասյան




























