ՔՊ-ում կան պատգամավորներ, որոնք դեմ են Սեյրան Օհանյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին: Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ՝ բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը նախ պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից, որից հետո նոր միայն նրա նկատմամբ կարող է քրեական հետապնդում իրականացվել:

Նույն օրենքի համաձայն՝ պատգամավորը անձեռնմխելիությունից կարող է զրկվել միայն գրանցված եւ քվեարկությանը մասնակցած պատգամավորների մեծամասնության որոշմամբ: Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, որը մեկնարկելու է փետրվարի 7-ին։ Բանն այն է, որ ԱԺ-ն քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանն համաձայնություն տվել է: Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ սպասվող քառօրյայի ընթացքում: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Հավելենք, որ Օհանյանն առայժմ չի կալանավորվի: Կալանքի համար էլ առանձին պետք է դատախազը մտնի ԱԺ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թեեւ իշխող ֆրակցիան քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հետ կապված միասնական որոշում դեռ չունի, բայց տեղեկացանք, որ կան պատգամավորներ, որոնք դեմ են այս գործընթացին: Չի բացառվում, սակայն, որ անգամ այս պատգամավորները կողմ քվեարկեն ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն, որպեսզի ցույց տան, որ այս հարցում միասնական են:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ»  օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս