Armenian text to speach

Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ցանկացած հարձակման պատասխան կտրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանն օրինական թիրախ կհամարի աշխարհի ցանկացած կետում գտնվող այն օբյեկտները, որտեղից հարձակումներ կիրականացվեն Իսլամական Հանրապետության դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին՝ ԱՄՆ-ին ու Իսրայելին նախազգուշացնելով ցանկացած թշնամական գործողության պատասխանելու Թեհրանի պատրաստակամության մասին, հաղորդում է Mehr-ը։

«Աշխարհի ցանկացած վայր, որտեղից հարձակում կգործվի Իրանի վրա, կհամարվի օրինական թիրախ։ Ցանկացած դիրք, որը սպառնալիք է ներկայացնում Իրանի համար, կդառնա մեր թիրախը», — հայտարարել է Հեյդարին՝ «Սրբազան պաշտպանության» և դիմադրության նյութերի ու արժեքների պահպանման և հրապարակման հիմնադրամի գործունեությանը նվիրված ցուցահանդես այցելելիս։

Գեներալը նաև նշել է, որ Իրանի զինված ուժերը լուրջ չեն վերաբերվում այն վերջնաժամկետներին, որոնք, նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանում է Իրանին նոր հարվածներ հասցնելու սպառնալիքների ֆոնին։

«Մեր զինված ուժերը լիովին պատրաստ են պատասխանել ցանկացած թշնամական քայլի», — ընդգծել է Հեյդարին։

Անդրադառնալով երկրի աշխարհաքաղաքական դիրքին՝ Հեյդարին Իրանն անվանել է ազդեցիկ պետություն, որի նշանակությունն ընդգրկում է տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտները։ Գեներալն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հորմուզի նեղուցին, որով անցնում է նավթի և գազի համաշխարհային մատակարարումների զգալի մասը։

«Իրանի աշխարհաքաղաքական դիրքն աննախադեպ է․ այն բացառիկ է և ազդեցություն ունի համաշխարհային մակարդակով։ Առանցքային կետը Հորմուզի նեղուցն է, որն իսլամական մարտիկների վճռականության ու հեղինակության շնորհիվ այժմ գտնվում է նրանց լիակատար վերահսկողության տակ», — հայտարարել է Հեյդարին։

Հեյդարին նաև նշել է, որ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են ուժերի համաշխարհային հավասարակշռության խորքային փոփոխության և ԱՄՆ-ի նախկին գերիշխանության թուլացման մասին։

Գեներալի խոսքով՝ իսլամական ղեկավարության առաջնորդությամբ իրանցի ժողովրդի դիմադրությունը երկրին թույլ է տվել նոր դիրք զբաղեցնել համաշխարհային ուժային համակարգում։ Հեյդարին դա անվանել է ներկայիս դիմակայության գլխավոր քաղաքական արդյունքներից մեկը։

Նա նաև հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքական պարտության մասին՝ պնդելով, որ երկու երկրների իշխող ուժերը չեն կարողացել ստանալ անհրաժեշտ հանրային աջակցությունը։ Նրա խոսքով՝ դա վկայում է, որ բնակչությունը չի ընդունում այդ պետությունների ղեկավարության վարած քաղաքականությունը։

Հեյդարին իր մատնանշած՝ Իրանի ռազմական հաջողությունները կապել է նաև ներքին արտադրության զարգացման և արտաքին կախվածության նվազեցման հետ։

Նրա խոսքով՝ սեփական ռեսուրսների վրա հենվելը Թեհրանին թույլ է տվել վճռորոշ արդյունքների հասնել ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանային պետությունների հետ դիմակայությունում։




Մամուլի Տեսություն

Լրահոս