Մեծ ֆուտբոլից գոլֆ. Գարեթ Բեյլը փոխում է սպորտային մասնագիտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը, որը 2 շաբաթ առաջ հեռացել էր ֆուտբոլից, հայտարարել է պրոֆեսիոնալ գոլֆիստի կարիերա սկսելու մասին:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ փետրվարի սկզբին կխաղամ AT&T Pebble Beach Pro-Am մրցաշարում: Առա՛ջ»,- սոցցանցերում գրել է Մադրիդի «Ռեալի» ու Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստը:

Մրցաշարը կկայանա փետրվարի 2-5-ը՝ Կալիֆորնիայում: Ելույթ կունենան 156 պրոֆեսիոնալ և նույնքան սիրողական գոլֆիստներ: Մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է:

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին հայտարարել էր հունվարի 9-ին: Նա «Ռեալի» կազմում 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3-ական անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունում ու Լա լիգայում, դարձել ՈւԵՖԱ-ի կրկնակի սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ՝ Իսպանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր: 33-ամյա ուելսցու վերջին ակումբն էր ամերիկյան «Լոս Անջելեսը», որի կազմում նա խաղաց 2022-2023-ին։




Լրահոս