Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զորամաս կատարած այցի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպայական և կրտսեր հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Անդրադառնալով զինված ուժերի առօրյա գործունեությանն ու իրականացվող պաշտպանական բարեփոխումներին, նախարար Պապիկյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող, լինի սպա թե ժամկետային, խորապես պետք է գիտակցի, որ ինքը հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը, և յուրաքանչյուրի բարեխիղճ ու պատասխանատու ծառայությամբ է պայմանավորված բանակի մարտունակության բարձրացումը։ Պետք է համատեղ ջանքերով հասնել պատրաստված և արհեստավարժ բանակի։

Զրուցելով կրտսեր հրամանատարական կազմի շարքերը վերջերս համալրած սերժանտների հետ, նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նրանց դերն ու առաքելությունը, ինչպես նորեկներին սովորեցնելու, կրթելու, այնպես էլ նրանց ու սպայակազմի միջև կապող օղակ դառնալու առումով։

Հանդիպումների ընթացքում նախարարը հավելել է, որ բոլոր խնդիրներին, որոնք անմիջական զրույցի ընթացքում բարձրաձայնել են զինծառայողները, կտրվեն արագ լուծումներ:




Լրահոս