ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարիխուանա, կանեփի սերմեր, կաթուցիչներ, հրազեններ. խուզարկվել են 10-ից ավելի բնակարան և օժանդակ շինություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապօրինի թմրաշրջանառությունը, որպես մարդկության առողջության դեմ ուղղված հանցագործություն, չարիք է ամբողջ աշխարհում։ Ցավոք, ապօրինի թմրաշրջանառության ծավալները մեծանում են՝ պայմանավորված նաև տեխնոլոգիաների զարգացմամբ։ Խնդրով մտահոգված են նաև պետական ու ոչ պետական շահագրգիռ կառույցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք բազմիցս այդ մասին բարձրաձայնել ու բարձրաձայնում են։ Հաշվի առնելով ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի գործում ձևավորված միասնական մոտեցումն ու արդյունավետ հակազդելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու միակարծությունը՝ ՆԳ նախարարության ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի։ Եվ պատահական չէ, որ հատկապես վերջին մի քանի ամսվա ընթացքում հայտնաբերվել ու քրեական պատասխանատվության դաշտ են բերվել համացանցի միջոցով թմրամիջոցներ իրացնող անձինք ու փակվել են տելեգրամյան բազմաթիվ ալիքներ։ Չարիքին առավել պրոֆեսիոնալ հակազդելու համար Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ձևավորվեց համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումը, որը գործունեության առաջին իսկ օրերից տպավորիչ արդյունքներ է արձանագրում։ Առհասարակ ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվում ոստիկանության բոլոր ծառայությունների կողմից։ Կարող ենք արձանագրել, որ բացահայտումների թիվն էականորեն աճել է նաև պարեկային ծառայության ներդրման արդյունքում։ Այդ համատեքստում առանձնացնենք պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայությունները, և, իհարկե, օպերատիվ-հետախուզական 24-ժամյա գործունեությունը՝ որպես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի առանցքային գործիք։

Ներկայացնենք այդ միջոցառումներից մի քանի դրվագ, որոնք օրերս արձանագրվել են Շիրակի մարզում։ Այսպես, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ենթակա տարածքային ստորաբաժանումներում ստացված օպերատիվ տեղեկությունների և քննչական մարմիններում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում մարտի 3-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ու նախաքննական մարմինների աշխատակիցները խուզարկել են 10-ից ավելի բնակարան և օժանդակ շինություններ։ Հայտնաբերվել են 1 կիլոգրամ 100 գրամից ավելի մարիխուանա, կանեփի սերմեր, կաթուցիչներ, թմրամիջոց պատրաստելու պարագաներ։ Խուզարկություններն արդյունավետ էին նաև զենք-զինամթերքի առգրավման առումով։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, այդ թվում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակներ, հրացան, տարբեր տեսակի ռազմամթերք և այլն։ Ձերբակալվել և նախաքննական մարմնին են ներկայացվել մի խումբ անձինք։

Տպավորիչ է նաև Շիրակի պարեկների օրերս արձանագրած բացահայտումներից մեկը։ Նրանք գիշերային ծառայության ընթացքում Գյումրիի Երևանյան խճուղում ձերբակալել են երկու տղամարդու, որոնցից մեկը թմրանյութով փաթեթներ էր տեղադրում։ Տարածքի զննությամբ իրավապահները հայտնաբերել էին կշեռք և մարիխուանայի նմանվող զանգվածներով 16 փաթեթ, իսկ նրանց մեքենայի սրահում մարիխուանայի նմանվող զանգվածներով մի քանի տասնյակ փաթեթ կար։ Այդ դեպքից օրեր առաջ էլ Մուշի ոստիկաններն էին ձերբակալել թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդու և հետագա գործողություններով հայտնաբերել թմրամիջոցով հարյուրից ավելի փաթեթ։
Հետևաբար, ակտիվացվելու և առավել պարբերական են դառնալու ապօրինի թմրաշրջանառությանը հակազդելու միջոցառումները, որոնց արդյունքների մասին հասարակությունը կիրազեկվի ամենօրյա ռեժիմով։




Լրահոս