Ինչպես է անցկացվելու քաղաքապետի արտահերթ ընտրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց: Այս մասին նա հայտարարեց նա՝ արտահերթ գործակարգավարական նիստում:

«Հիմա, երբ որ ավագանու ընտրությունները մոտ են ու կառավարության ու քաղաքապետարանի համագործակցությունը լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին, շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ», -ասել է Սարգսյանը։

38-ամյա Հրաչյա Սարգսյանը պաշտոնավարում է ավելի քան մեկ տարի։ Նա քաղաքապետ դարձավ Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։ Մարությանին իշխող թիմը անվստահություն հայտնեց, քանի որ պատերազմին հաջորդած խորհրդարանական ընտրություններում նա չաջակցեց Նիկոլ Փաշինյանին։
Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին փոխարինելու է քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ Քաղաքապետի պարտականությունները դրվում են քաղաքապետի առաջին տեղակալի վրա, մինչեւ ավագանին իր կազմից կընտրի նոր քաղաքապետ։

Իսկ ինչպես է ընտրվում նոր քաղաքապետը. Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է տեղի ունենում քաղաքապետի հրաժարականի դեպքում:

Հոդված 46. Քաղաքապետի արտահերթ ընտրությունները

1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

2. Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

3. Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով:

Իսկ հոդված 44-ի 4-6-րդ մասերն ասում են.

4. Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

5. Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:

Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

6. Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:




Լրահոս