Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի կամ Կոսովոյի սերբերի հետ․ Հայաստանից արձագանքում են Լավրովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հեռանկարների մասին խոսելիս, զուգահեռներ էր անցկացրել Դոնեցկի և Կոսովոյի հետ։ Ռուսաստանի ԱԳ նախարարին արձագանքել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին 30 տարիներին ինքնահռչակ անկախ պետություն։

«Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո։ Հետևաբար, միջազգային հանրությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար լուծումներ փնտրելիս, պետք է հաշվի առնի ամբողջ պատմական – իրավաքաղաքական հենքը, այլապես ցանկացած լուծում, որը հիմնված կլինի անհամեմատելի օրինակների վրա, կբերի խնդրի ավելի խորացման և չլուծման»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը:

Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել էր հարցին, թե որոնք են Ռուսաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։ ՌԴ ԱԳ նախարարը նախ նշել էր, որ իրենք պաշտպանում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծեն Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչները: Այնուհետև Սերգեյ Լավրովն այդ համատեքստում բերել էր Դոնեցկի և Կոսովոյի օրինակները։

«Նորագույն պատմության նման շատ օրինակներ կան։ Նույնը եղել է նաև Մինսկի համաձայնագրերում. ի՞նչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան մասի բնակիչները՝ համաձայն այդ նույն Մինսկի համաձայնագրերի: Դա իրենց մայրենի լեզվի իրավունքն է, երեխաներին սովորեցնել այս լեզվով, օգտագործել այն՝ պահպանելու իրենց մշակույթը, կրոնը, կարողանալ ունենալ տեղական ինքնակառավարում, հատուկ տնտեսական և առևտրային կապեր իրենց հայրենակիցների հետ (Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր)։

Մոտավորապես նույն իրավունքները նախատեսված էին տասը տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև Կոսովոյի սերբական համայնքի ստեղծման մասին համաձայնագրում՝ լեզու, տեղական ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, հատուկ տնտեսական կապեր Սերբիայի հետ»,- մանրամասնել էր Լավրովը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ է իրավունքների նման փաթեթ։




Լրահոս