Քանի Ալիևի դիմաց նապաստակներ են կանգնած, իրեն առյուծ է զգում. Մանվել Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:

-Պարո՛ն Եղիազարյան, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ սպառնալիքներ ու վիրավորանքներ է հնչեցրել հայ ժողովրդի հասցեին: Մեկ ասում է՝ «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն », մեկ էլ սպառնում է, թե «Հայաստանի ժողովուրդը թող լավ մտածի, մի օր կարող է աչքերը բացեն, Ադրբեջանի դրոշն իրենց գլխավերևում տեսնեն»: Ո՞րն է Ալիևի նման լկտի վարքագծի պատճառը:

-Դա նշանակում է, որ Ալիևը շտապում է, որովհետև ինքը տեսնում է, որ այսօրվա իշխանությունները թուլանում են, իսկ ժողովուրդն ակտիվանում է, կարող է հանկարծ ուրիշ մեկը իշխանության գա գործող իշխանությունների փոխարեն ու ահուսարսափի մեջ պահի Ադրբեջանին: Ադրբեջանը այդ պոտենցիալը չունի, որ մեզ սպառնա:

Միջազգային հանրությունը պարտադրում էր, որ 5 շրջանները տայինք Ադրբեջանին, դա համաշխարհային քաղաքականությունն էր պահանջում, դրա համար էլ պատերազմից հետո լռեցին, քանի որ հեռահար նպատակներ ունեին այդ 5 շրջանների հետ, բայց մնացած մասով աշխարհը Ալիևին չի օգնելու, Ալիևն էլ է դա հասկանում, դրա համար էլ շտապում է: Հայաստանում, ինչպես ասում են, տվողներն են եկել իշխանության, Ալիևն էլ փորձում է անընդհատ մի բան պոկել, քանի որ տեսնում է՝ ներկայիս իշխանությունները թուլանում են, կարող է Փաշինյանին ուժեղ մարդով փոխարինեն ու այդ ժամանակ ոչ մի շանս չի ունենալու Արցախի մասին խոսելու:

-Պարո՛ն Եղիազարյան, բայց Ալիևն արդեն բացեիբաց խոսում է նաև Երևանի մասին, չի թաքցնում իր նկրտումները Երևանի մասով:

-Ճիշտ է անում, եթե դուք ձեր տունը չեք ուզում պաշտպանել, ուզում եք հանձնել, նա էլ ուզում է վերցնել, դրա համար էլ նման հայտարարություններ է անում: Փաշինյանն անընդհատ գոռգոռում է, ուզում է համոզել ժողովրդին՝ եկեք Արցախը տանք, որ պրծնենք, թե չէ Երևանն էլ են գրավելու: Ալիևին ձեռք չի տալիս, որ Նիկոլը գնա, ու նորմալ իշխանություն գա Հայաստանում, որ նորմալ իշխանություն եղավ, Ալիևը ոչ միայն շանս չի ունենա Երևանի կսմ Արցախի մասին խոսելու: Ես խորհուրդ կտամ Ալիևին, թող մեծ-մեծ չխոսի ինքը, քանի իր դիմաց նապաստակներ են կանգնած, իրեն առյուծ է զգում, բայց օրը կգա ու իսկական հայերով կհավաքվենք կողք կողքի, տեսնեմ ո՞նց է էլ հոխորտում:

-Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում է, որ Հայաստանը ճանաչվում է իր 29.800 քկմ տարածքով։ Ի՞նչպես կմեկնաբանեք սա, այսինքն՝ հեշտությամբ հրաժարվու՞մ են Արցախից:

-Այդ մարդը բազմիցս նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. թվաբանություն հո գիտե՞նք, երբ ասում է 29.800 ք/կմ, Արցախը չի մտնում դրա մեջ, նշանակում է, Արցախն էլ է Ադրբեջանի մաս ճանաչում: Մենք նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցրել ենք միայն նրա համար, որ Պուտինն ասել է՝ ով որտեղ կանգնած է, դա էլ իր սահմանն է, այդ ժամանակ և Քարվաճառն էր մերը և Լաչինը: Երբ իշխանությունը փոխենք, կպահանջեք հետ այդ ամենը, մենք իրավունք ունենք պահանջելու, որ նոյեմբերի 9-ի դրությամբ եղած տարածքները մեզ վերադարձվեն, երբ սա գնա, մենք այդ հարցը կբարձրացնենք:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս