Նոր հաղթանակներ կտոնենք. ամենակարեւորն այն է, որ հրամանատարը զորքը ղեկավարի, ոչ թե՝ պատահական մարդ. Մանվել Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի ստեղծման օրը:

Մեծ հայրենականում տարած հաղթանակը եւ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:

ArmLur.am-ը օրվա խորհրդի հետ կապված զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Մանվել Եղիազարյանի հետ:

-Պարո՛ն Եղիազարյան, ի՞նչ կասեք օրվա խորհրդի հետ կապված, ի՞նչ նշանակություն ունեցան մայիսյան հաղթանակները հայ ժողովրդի պատմության մեջ:

-Օրվա խորհրդի հետ կապված կասեմ հետեւյալը՝ թող ոչ մեկը չմտածի, որ հայ զինվորը կարող է պակաս կռվել, քան՝ այլ ազգի զինվոր: Մենք ամենալավ զինվորներն ունենք, մենք երբեք մեր հաղթանակների մասին չենք բարձրաձայնել, մատնացույց չենք արել դրանք: Մի՛ մոռացեք, որ նախկինում հայոց այրուձին էին տանում այստեղ ու այնտեղ՝ կռվելու համար, քանի որ իսկական զինվորներ ենք ունեցել, իսկ հիմա զինվորներին օտարացրել են մեզնից: Մոռանալով անցյալը, դու նորը չես կառուցի, միայն մարդը, որը սիրահարված է իր բարեմասնություններին կարող է անցյալը մոռանալ:

-Ըստ ձեզ՝ այդքան հաղթանակներից հետո ինչու՞ 44-օրյա պատերազմում պարտություն ունեցանք, ինչու՞ չարժեւորեցինք մեր հաղթանակները:

– Մենք պարտություն չենք կրել, սուտ են ասում, թե մենք պարտվել ենք, այդպես չէ, հայ տղամարդը պատերազմի ժամանակ իր իրական պատկերը ցույց է տվել: Պատերազմի 44 օրվա ընթացքում մենք այդքան զոհեր ու վիրավորներ ենք ունեցել, այդքան մարդ մարտի դաշտում զոհվել է, ոչ մեկը բարձրաձայն չի ասում այս մասին, քանի որ չեն ցանկանում բացահայտվի այն դավաճանությունը, որը եղել է պատերազմի ժամանակ:

Բարդում են հայ տղամարդու վրա, չի՛ եղել պարտություն, մոռացե՛ք, եղել է դավ, իսկ այդ դավը նոր չի սկսվել, սկսվել է 1992թ-ից, երբ Հայաստանը և Արցախը թալանել են, մարդկանց արհամարհել են: Հիմա այն վիճակն է, որը մենք զգացել ենք Եղեռնից հետո, սա մեր երկրորդ Եղեռն է: Այդքան հաղթանակներից հետո այսօր այս վիճակին ենք, քանի որ մեր հաղթանակը չփայփայեցինք, ամեն ինչ թողեցինք բախտի քմահաճույքին, արդյունքում ունեցանք այս վիճակը: Այսօր Հայաստանում նորից Եղեռն է, որը եղել է 100 տարի առաջ,: եզ պետք է նոր Սարդարապատ:

-Տպավորություն է , որ այսօր արվում է ամեն ինչ՝ մեր բանակի մարտական ոգին թուլացնելու համար, ի՞նչ կասեք այս մասին, ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ վճակումէ այսօր մեր բանակը:

-Այո, դա այպես է, քանի որ իշխանության են եկել մարդիկ, որոնք իրենց բարեմասնություններին են սիրահարված, նրանց պետք չէ , որ հայերին պաշտպանեն: Երկիրը պետք է այնպիսի մարդիկ ղեկավարեն, որոնք ոչ թե հացի համար կպայքարեն, այլ՝ պատվի: Սրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանը դառնա ոտքի կոխան, եթե հները թալանում էին երկիրը, սրանք հիմա ամեն ինչ անում են, որ դառնանք անպաշտպան ազգ:

-Պարո՛ն Եղիազարյան, առաջիկայում նոր հաղթանակներ կտոնենք, ի՞նչ պետք է անենք նորանոր հաղթանակներ գրանցելու համար:

-Առաջիկայում եթե կարողանանք տոկուն լինել, այս վիճակից դուրս գալ, կարող ենք ավելի մեծ հաղթանակներ տոնել: Ամենակարեւորն այն է, որ հրամանատարը զորքը ղեկավարի, ոչ թե՝ պատահական մարդ:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս